2006 թվականի գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր, ազգությամբ թուրք Օրհան Փամուկը հերքել է թուրքահայ արվեստագետ Կարոլին Ֆիշեկչիի հետ սիրային հարաբերությունների մեջ լինելու մասին խոսակցությունները: Փամուկն իր փաստաբանի միջոցով պաշտոնական նախազգուշացում է ուղարկել, որ պատրաստվում է բողոք ներկայացնել դատարան արվեստագետի դեմ, եթե նա չդադարեցնի իր հրապարակային ելույթներն այն մասին, թե գրողի ընկերուհին է հանդիսանում:
Երկու ամիս առաջ Նյու Յորքի առևտրի սրահում թուրքահայ արվեստագետ Կարոլին Ֆիշեկչիին և գրող Օրհան Փամուկին պատահաբար որսացել էր լուսանկարչի օբյեկտիվը, ինչը պատճառ էր դարձել, որպեսզի թուրքական ԶԼՄ-ներում խոսակցություններ տարածվեին այն մասին, թե հեղինակը խզել է հարաբերությունները հնդիկ գրող Կիրան Դեսայի հետ, և այժմ Ֆիշեկչիի ընկերն է:
Կարոլին Ֆիշեկչի
32-ամյա նկարչուհին բազմաթիվ հարցազրույցներում հայտարարել էր, թե Փամուկը խզել է հարաբերությունները Դեսայի հետ, և որ նրանք ընդամենը գործնական կապեր են ունեցել:
Ֆիշեկչիին ուղղված պաշտոնական հաղորդագրության մեջ Փամուկի փաստաբան Հալուկ Ինանչին նշել է, որ վերջին անգամ Փամուկը տեսել է Ֆիշեկչիին Նյու Յորքի առևտրի սրահներից մեկում և դրանից հետո որևէ կապ չի ունեցել նրա հետ:
«Ֆիշեկչին իմ հաճախորդի ընկերուհին չէ»,- ասել է Ինանչին:
Ինանչին նշել է նաև, որ Ֆիշեկչիի հայտարարությունները ոտնահարում են Փամուկի անձնական կյանքի գաղտնիության իրավունքը և ոչ միայն դեմ են բարոյականության նորմերին, այլ նաև օրենքին: «Իմ հաճախորդը ոչ մեկին չի արտոնել խոսել իր անունից: Երևում է` Ֆիշեկչին չգիտի, որ ինքը հանցանք է գործում` ներխուժելով Փամուկի անձնական կյանք», – ասել է փաստաբանը` նախազգուշացնելով, որ Ֆիշեկչին կկանգնի դատարանի առջև, և ստիպված կլինի փոխհատուցել բարոյական վնասի համար, եթե չդադարի նման հայտարարություններ անել: