Թուրքիայի Արդարադատության գլխավոր խորհուրդը կարգադրել է հետաքննություն սկսել 2007 թվականին սպանված թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի գործով գլխավոր դատավորի և դատախազի նկատմամբ: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Դինքի սպանության գործով վերջնական վճիռ էր կայացվել, որի հետևանքով դատապարտվել էր միայն մեղադրյալներից մեկը Յասին Հայալը, իսկ 19 մեղադրյալների տվյալ գործով արդարացվել էին:
Չորեքշաբթի Դատավորների և դատախազների Գերագույն խորհրդի կողմից տարածված հայտարարության մեջ ասվում է, որ դատավոր Ռուսթամ Էրյիլմազի և դատախազ Հիքմեթ Ուստայի նկատմամբ հետաքննությունը սկսվել է Դինքի գործով վճռից հետո մամուլում նրանց կողմից արված մի շարք հայտարարությունների առնչությամբ:
Նշենք, որ Ստամբուլի Առաջին ատյանի դատարանում կայացված վճռից հետո դատավոր Ռուսթեմ Էրյիլմազը Vatan օրաթերթի հետ զրույցում ասել էր, որ թեև անձնապես չի կարող հերքել, որ շատ լավ կազմակերպված սպանություն է եղել, սակայն դատարանին ներկայացված փաստերը բավարար չէին մեղադրական որոշում կայացնելու համար: Ավելի ուշ դատախազ Հիքմեթ Ուստան պատասխանել էր դատավորի այս հայտարարությանը երկու էջանոց միջնորդության մեջ որպես հունվարի 17-ին ներկայացված իր հայցի մի մաս` նշելով, որ բավական վկայություններ կային հաստատելու համար, որ սպանությունը կազմակերպված քրեական խմբի ջանքերի արդյունք էր: