Արամի, Բուզանդի, Սարյան, Եկմալյան փողոցների խաբված բնակարանատերերի գործն ընթացքի մեջ է, համապատասպան մարմինները զբաղվում են այդ խնդրով:
Այս մասին ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անցկացնող բնակարանատերերին կառավարության նիստից հետո հայտարարել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
«Նա մոտեցավ ու ասաց, որ մեր հարցերն ընթացքի մեջ են ու իրենք զբաղվում են այդ խնդրով: Մենք պատասխանեցինք, որ ոչ մի բանավոր խոստման ալևս չենք հավատում և ուզում ենք, որ նախագահն անձամբ զբաղվի բնակարանատերերի խնդիրներով», – ասել է ակցիայի մասնակից Սոնա Մաղաքյանը:
Բողոքողներին մոտեցել է նաև Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ով բնակիչների հետ զրույցում նշել է, որ պատրաստ է ընդունել նրանց:
«Խնդիրը կա, մի մասը օրենսդրական է, մի մասը` նոտարական մեղավորությունն է, մի մասը` մեր բնակիչների իրավագիտակցության ցածր աստիճանը: Կնքել են մի պայմանագիր` ենթադրելով, որ կնքում են մի այլ պայմանագիր, իհարկե, նոտարը մեղավոր է եղել որոշ դեպքերում, որ կողմերին չի բացատրել, թե ինչի տակ են ստորագրում և ինչպիսի հետևանքներ կարող են ստանալ: Օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն կա, ու, եթե իրական լատինական նոտարական համակարգ ներդնենք, ապա կունենանք հետևյալ պատկերը` նոտարը 100%-անոց պատասխանատվություն է կրելու իր կողմից ցանկացած գործարքի վավերացման համար, բայց այս դեպքում բնակչությունն է պետք է պատրաստ լինի` նոտարական ծառայության վճարներն ավելանալու են: Քաղաքացին 100%-անոց երաշխավորված է լինելու ոչ միայն նոր կառուցվող բնակարանների առք ու վաճառքի, այլև ցանկացած գործարքի պարագայում. նոտարը լինելու է ամբողջ գործարքի պատասխանատուն», – ասել է Թովմասյանը:
Ըստ նախարարի, այս խնդիրները պետք է լուծվեն ու պետք է պարզվի, թե այս պահի դրությամբ, որտեղ է նոտարի մեղավորությունը:
«Այս փաստի առթիվ քրեական գործ կա հարուցված, բայց իմ կողմից հանձնարարված է ծառայողական քննություն անցկացնել ու էդ ամբողջն ուսումնասիրվում է: Մոտավորապես 500 գործից ավել է, մոտ 560 պայմանագիր է ստորագրվել ու պետք է այս բոլորին լսել: Այսինքն, ստորագրելուց մարդիկ հասկացել են, որ էդ տունն արդեն իսկ իրենցն է: Իրականում էն պայմանագիրը, որ իրենք ստորագրել են, նման բան չէր ենթադրվում: Իրենց համար պարզ չի եղել, թե ինչի տակ են իրենք ստորագրում», – ասել է Հրայր Թովմասյանը:
Չնայած վերջինիս հավաստիացումներին, որ գործի քննությունն ընթացքում է, բնակարանատերերը Epress.am-ի հետ զրույցում նշել են,որ չեն ցանկանում հանդիպել Հրայր Թովմասյանի հետ, այլ պահանջում են հանդիպում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Նրանք հավաստիացրել են, որ վաղը կրկին շարունակելու են բողցոքի ակցիաները:
Հիշեցնենք, որ 2006 թվականին վերոնշյալ փողոցներում բնակվող բնակիչները դուրս են եկել իրենց տներից, որոնք հետագայում քանդել են, և դրանց փոխարեն կառուցվել են նոր բազմաբնակարանային շենքեր: 2006 թվականին «Գապբնակշին» ընկերության տնօրեն Գագիկ Պապոյանը պայմանագիր է կնքել իրենց հետ շենքը պատրաստ լինելուց հետո բնակարանով ապահովելու պայմանով, սակայն բնակարանները մինչ օրս չեն ստացել, դրանք վերավաճառվել են երրորդ անձանց: Դեպքի առնչությամբ անցյալ տարվա վերջին քրեական գործ են հարուցել, Պապոյանը փախուստի է դիմել: Բնակիչները Epress.am-ին պատմել են, որ ՀՔԾ-ում իրենց ասել են, թե գործը կարող է ամիսներ տևել, քանի որ դեպքերի առնչությամբ հարյուրավոր անձանց պետք է հարցաքննել: