Home / Հայաստան / Հայկական բանակի մարտունակությունից խոսելն անհեթեթություն է. պատերազմի հերոս

Հայկական բանակի մարտունակությունից խոսելն անհեթեթություն է. պատերազմի հերոս

Ներկայիս հայկական բանակի մարտունակությունից խոսելն անհեթեթություն է, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Շուշիի հատուկ գումարտակի հրամանատար, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

ՀՀ Զինված ուժերի 20-ամյակին ընդառաջ խոսելով հայկական բանակից` նա նշել է, որ այն հույսերը, որ ինքը բանակի հետ կապում էր արցախյան գոյամարտի տարիներին, չեն արդարացել:

«Բանակը պետք է ծառայեր մեր երկրի արտաքին և ներքին քաղաքականությանը: Այժմ բանակը դարձել է գործիք իշխանության ձեռքին: Օրինակն այն է, որ բանակը ներքաշեցին ներքին խռովությունները ճնշելու մեջ, ինչը չի կարող անհետևանք մնալ: Ես դեմ եմ այն կարծիքին, թե բանակը հասարակության հայելին է: Մենք կարող էինք ստեղծել այնպիսի բանակ, որը հասարակության ձևավորման վրա միայն դրական ազդեցություն կունենար:  Եթե  բանակում բարձր պաշտոններ զբաղեցնեին հերոսները, այլ ոչ թե աթոռապաշտ մարդիկ, մենք ոչ միայն այլ բանակ, այլև լրիվ այլ  հասարակություն կունենայինք»,- ասել է Սեֆիլյանը:

Ինչ վերաբերում է բանակում վերջին շրջանում գրանցված միջադեպերին և դրանց հանդեպ հասարակական ուշադրության մեծացմանը, ապա Սեֆիլյանը դեմ է թե բանակի դեմ ոտնձգություններին, թե բանակում հանցագործությունների կոծկումներին:

«Մենք պետք է թացը չորից տարբերենք: Կա քննադատություն, որ արվում է վարկաբեկելու համար, կա քննադատություն, որ բանակի բարելավման համար է»,- ասել է Սեֆիլյանը: