Ծագումով հայ, 42-ամյա Սարգիս Թադևոսյանը երեկ 6 տարվա ազատազրկման է դատապարտվել ԱՄՆ-ի Չարլսթոն քաղաքի դաշնային դատարանի կողմից Medicare բժշկական ապահովագրական ընկերության դեմ զեղծարարությունների գործում մասնակցություն ունենալու համար: Այս մասին գրում է wvgazette.com կայքը:
Քննության ընթացքում իրավապահ մարմինները պարզել էին, որ Արևմտյան Վիրջինիա նահանգի Չարլսթոն քաղաքում խմբավորումը, որի անդամ է եղել Թադևոսյանը, 7 գոյություն չունեցող կլինիկաներ է գրանցել և այդ բուժհաստատությունների անունից պարբերաբար ապահովագրական գումարներ ստանալու համար Medicare-ին ուղարկել վճարման ենթակա կեղծ հաշիվներ: Այդ գումարներն ընդհանուր առմամբ 4 միլիոն դոլար են կազմել:
Թադևոսյանն իր վերջին խոսքում թարգմանչի օգնությամբ ասել է դատավորին, որ զղջում է կատարվածի պատճառով և շատ ցավում իր ընտանիքի հույսերը չարդարացնելու համար:
Նա նաև հայտնել է, որ իր կնոջ մոտ քաղցկեղ է ախտորոշվել` խնդրելով հնարավորինս համար մեղմ պատիժ սահմանել:
Թադևոսյանի փաստաբանը խնդրել է դատավորին նաև հաշվի առնել այն փաստը, որ մեղադրյալը զեղծարարությամբ է զբաղվել «էթնիկ բախումների մեջ ներքաշված Հայաստանից փախչելուց հետո»:
Հիշեցնենք, որ Medicare-ի հետ կապված լայնածավալ մեքենայությունների գործով 2010 թվականի հոկտեմբերին ԱՄՆ-ում հայերի մեծ խումբ էր ձերբակալվել` Արմեն Ղազարյանի («Պզո» մականունով) գլխավորությամբ: Խմբի կողմից իրականացված հանցագործությունների գործերով քննությունները դեռևս շարունակվում են: Ղազարյանի հանցավոր խումբը մեղադրվում է տասնյակ միլիոնավոր դոլարների հափշտակման մեջ:
Medicare-ի գործով խմբավորման մի քանի անդամներ արդեն իսկ տարբեր մեղադրանքներով ազատազրկման են դատապարտվել: Խմբավորման պարագլուխ Արմեն Ղազարյանին ցմահ ազատազրկում է սպառնում: