Փետրվարի 16-ին ՀՀ վարչական դատարանում կքննվի Կողբացի 42, Պուշկինի 40, Տերյան 23, 25 Լալայանց 37 շենքերի բնակիչների հայցն ընդդեմ գործարար, Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանի:
Հիշեցնենք, որ Մայրապետյանին պատկանող «Լոկալ դեվելոփերս» ընկերությունը բարձրահարկ շենքի կառուցապատում է իրականացնում վերոնշյալ շենքերի բակում:
Բնակիչները բողոքում են, որ այդ կառուցապատման հետևանքով խախտվել են թե քաղաքաշինական, թե ճարտարապետական, թե էկոլոգիական և թե սեյսմիկ անվտանգության նորմերը, բացի դա, երեխաները զրկվել են բակում խաղալու հնարավորությունից:
Epress.am-ի հետ զրույցում վերոնշյալ շենքերի բնակիչների խնդիրներով զբաղվող Վարդան Գերավետյանը տեղեկացրել է, որ շենքը շարունակվում է կառուցվել:
«Մենք միջնորդություն էինք ներկայացրել դատարան, որ մինչև դատարանի որոշումը կառուցապատումը կասեցվի, սակայն դատարանը մերժեց մեր միջնորդությունը: Իսկ հայցադիմումը ներկայացրել էինք հինգ ամիս առաջ, բայց միայն նոր է մտնում դատարան»,- ասել է Գերավետյանը: