Նոր կոալիցիոն հուշագրի ստորագրումը` Հանրապետական (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) և «Օրինաց երկիր» (ՕԵԿ) կուսակցությունների միջև հավանական է. դա տեղի կունենա անհրաժեշտության առաջացման դեպքում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը:
«Եթե երկրի զարգացման համար հուշագրի ստորագրումն անհրաժեշտ դառնա, ապա կստորագրենք: Այդպիսի բարի նպատակներով դա անելը մի՞թե հանցանք է: Փաստաթղթերի ստորագրելն ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկա է: Բանավոր խոսելուց վատ բան չկա աշխարհում», – ասել է Բոստանջյանը:
Նա հերքել է, որ կոալիցիոն ուժերի միջև անհամաձայնություն կա: Միևնույն ժամանակ, անդրադառնալով երկու օր առաջ կայացած կոալիցիոն ուժերի ներկայացուցիչների հանդիպմանը, Բոստանջյանը նշել է, որ այն նպատակ է ունեցել «թոթափել լարվածությունը» կոալիցիայի անդամների միջև:
Պատգամավորի գնահատմամբ` լարվածությունը ընտրությունների նախաշեմին բնական է, քանի որ «մրցապայքար է, և բոլորն էլ ուզում են հաղթող լինել»:
«Հանդիպման ընթացքում քննարկել ենք արդար ընտրություններ անցկացնելու հարցերը: Լարվածությունը և իրար հանդեպ վստահության դեֆիցիտը տարբեր բաներ են: Կոալիցոն ուժերի միջև անվստահություն չկա: Կոալիցոն ուժերը միշտ աշխատել են կայունությունը պահպանելու համար», – հայտարարել է Բոստանջյանը:
ԲՀԿ-ական պատգամավորը անդրադաձել է նաև 100% համամասնական ընտարական համակարգին անցնելու նախագծին, որն այսօր քննարկվելու է ԱԺ-ի պետաիրավական հարցերի հանձնաժողովում:
«Կարծում եմ` ուշացել ենք այդ հարցն առաջ քաշելու համար: Այն ժամանակ, երբ քննարկում էինք ընտրական օրենսգրքում փոփոխությունները, 100% համամասնականի հարցը հնչեղություն չստացավ, ուստի որոշեցինք թողնել հետագայում բարեփոխելու համար, թեև մեր կուսակցությունը կողմ է դրան: Բայց ես չեմ կարծում, որ այդ հարցն արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու եզակի միջոցն է», – ասել է Բոստանջյանը: