Home / Հայաստան / Լավ կլիներ, որ նախագահը հանդիպեր ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, «Ժառանգության» հետ. Րաֆֆի Հովհաննիսյան

Լավ կլիներ, որ նախագահը հանդիպեր ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, «Ժառանգության» հետ. Րաֆֆի Հովհաննիսյան

«Ժառանգություն» կուսակցությունը ուղիղ չորս շաբաթից՝ մարտի 2-ին, կհրավիրի համագումար, որտեղ կորոշվի առաջիկա ընտրական գործընթացներին մասնակցության հարցը և մասնակցության դեպքում՝ ձևաչափը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ըստ նրա` եզրահանգումները  կհրապարակվեն, իսկ մինչ այդ «Ժառանգությունը» մտնում է ինքնաքննական, ներհայեցողության  շրջան, որտեղ ինքը  պետք է որոշի, թե նախահամագումարյան այս շաբաթների ընթացքում ինչպես է դիտարկում իր մասնակցությունը, որն է հասարակության պահանջը, արդյոք միայն օրակարգում է ԱԺ-ում կրկին հայտնվելը, թե ոչ:

«Եթե դա է միակ խնդիրը, որ «Ժառանգությունը» պիտի որոշի, ապա առանց համագումարի անգամ կարող ենք ասել, որ հաջորդ գումարման ԱԺ-ում եթե ցանկանա, առանձին ցուցակով կհայտնվի». – ասել է Հովհաննիսյանը:

«Ուզում ենք հավատալ, որ Հայաստանը գտնվում է լուրջ փոփոխությունների նախաշեմին, ու «Ժառանգությունը» պարտավոր է մասնակցել այդ համակարգափոխական շարժմանը թե ԱԺ-ում, թե հրապարակում», – ասել է նա:

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ իրենց կուսակցությունը ողջունում է թեկուզ ուշացած, բայց համամասնական ընտրակարգին անցնելու շուրջ համաձայնության հանգող գործընթացը:

«Լավ կլիներ, որ գործող նախագահը հանդիպեր ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգության» ներկայացուցիչների ու շահագրգիռ պատվիրակների հետ, որովհետև, երբ խոսում ենք քաղաքական մշակույթի մասին, և ամեն մեկը դա հորջորջում է 20 տարի և ուզում դառնալ այդ չակերտյալ մշակույթի հեղինակը: Ի վերջո, երբ հայ իշխանավորները հայտարարում են մի բան Բրյուսելում, կամ  Երևանում, պետք է ունենան հանձնառությունը կամ քաղաքական կամքը՝ տված խոստումը կյանքի կոչելու համար»,- ասել է  նա:

Հովհաննիսյանը նշել է, որ «Ժառանգությունն» իր համագումարում պետք է ծանրութեթև անի, թե որքանով են քաղաքական ուժերը գտնվում ազատ, արդար  իրավական ընտրությունների նախաշեմին:

«Որպեսզի հետո ոչ իշխանավորը, ոչ ընդդիմադիրը, ոչ հաղթողը, ոչ  պարտվողը, ոչ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արդյունքներ հայտարարողը, ոչ էլ հրապարակում գիշերողը չդժգոհեն, այլ հիմիկվանից իմանան կյանքի կանոնները Հայաստանի քաղաքական երկնակամարում», – նշել է նա:

Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ իրենց կուսակցությունը  մինչ համագումարը շփումներ կունենա «Ազատ դեմոկրատներ» կուսակցության, ինչպես նաև քաղաքական այլ կուսակցությունների և հասարակության ներկայացուցիչների, քաղաքացիական խմբերի և անհատների հետ, և մինչև մարտի 2-ը  «Ժառանգությունը» հանդես կգա որպես ամբողջական ուժ, որը կկիսի իր որոշումները համաքաղաքացիների հետ: