Ցյուրիխի դատախազը երկուշաբթի հետաքննություն է սկսել Թուրքիայի պետնախարար և Եվրոպայի հետ գլխավոր բանակցող Էգեմեն Բաղիշի նկատմամբ, այն բանից հետո, երբ վերջինս Ցյուրիխում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ ինքը ժխտում է Հայոց Ցեղասպանությունը և Շվեյցարիայի իշխանությունները կարող են գալ և ձերբակալել իրեն, եթե ցանկանում են, գրում է Today’s Zaman պարբերականը:
Բաղիշն այսկերպ պատասխանել էր Ֆրանսիայի Սենատի կողմից Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ լրագրողի հարցին` ցանկանալով ապացուցել, որ այդ օրենքը, որը նաև գոյություն ունի Շվեյցարիայում, ոչ մի իրավական ուժ չունի և անիմաստ է:
Թուրքիան անմիջապես պատասխանել է Շվեյցարիայում Բաղիշի հայտարարության նկատմամբ ծավալած հետաքննության մասին լուրերին`կեսօրին Անկարայում Շվեյցարիայի դեսպանին Ռայմոնդ Կունցին հրավիրելով ԱԳ նախարարություն: Թուրքիայի ԱԳ փոխնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն պահանջել է պաշտոնական բացատրություններ ներկայացնել տեղի ունեցածի առնչությամբ, և նշել, որ հետաքննությունն «անընդունելի է»:
Նշենք, որ Ցյուրիխի գլխավոր դատախազի գրասենյակը Բաղիշի հայտարարության վերաբերյալ հետաքննություն է սկսել`հիմնվելով Շվեյցարիայի հայ համայնքի կողմից ներկայացված բողոքի վրա, հայտնել է շվեյցարական Neue Zürcher Zeitung-ը:
Ցյուրիխի դատախազ Քրիստին Բրաունշվայգը, ըստ շվեյցարական պարբերականի, ասել է. «Նախորդ շաբաթ մենք այս հարցի առնչությամբ միջնորդություն ստացանք, որը տեղեկացնում էր մեզ, որ պարոն Բաղիշը խախտել է Շվեյցարիայի քրեական օրենսգրքի հակառասիստական 261-րդ հոդվածը: Դատախազի գրասենյակը ամենայն լրջությամբ է վերաբերվել այս հայցին և հետաքննություն է սկսել: Մենք կպարզենք` արդյոք Բաղիշը Հայոց Ցեղասպանությունը հերքող բառեր է արտաբերել, ինչպես ասվում է հայցադիմումում, թե ոչ: Բացի դա, մենք պետք է պարզենք` արդյո՞ք նա դիվանագիտական անձեռնմխելիություն ունի: Վերջիվերջո, մենք պատիժ կկիրառենք նրա դեմ, եթե նա իսկապես խախտել է օրենքը և չի կարող օգտվել իր դիվանագիտականա անձեռնմխելիությունից»:
Բաղիշի մամուլի քարտուղարը ասել է, որ նախարարը չի մեկնաբանի խնդիրը, քանի դեռ դատախազի գրասենյակը չի ավարտել հետաքննությունը: