Home / Հայաստան / Թուրքիան Ցեղասպանության հարցում օգնության է դիմել Գերմանիային

Թուրքիան Ցեղասպանության հարցում օգնության է դիմել Գերմանիային

Թուրքիայի պետնախարար և Եվրամիության հետ գլխավոր բանակցող Էգեմեն Բաղիշը կոչ է արել Գերմանիային լուծել Հայոց Ցեղասպանության վերաբերյալ Ֆրանսիայի և Թուրքիայի միջև առաջացած պատմական վեճը: Այս մասին նա հայտարարել է Welt-ի հետ զրույցում: Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծ ընդունեց, որից հետո Թուրքիայի մի շարք պատժամիջոցներ կիրառեց Ֆրանսիայի նկատմամբ` հետ կանչելով անգամ Փարիզում Թուրքիայի դեսպանին:

Խնդրահարույց պատմական հարցը պարզաբանելու համար Բաղիշը դիմել է գերմանական իշխանություններին: Նրա խոսքով` գերմանական արխիվներում պետք է տեղեկություններ լինեն 1915 թվականի դեպքերի մասին: Քաղաքական գործիչը կոչ է արել Գերմանիային բացել իր արխիվները պատմաբանների համար:

Հիշեցնենք, որ անձամբ Բաղիշի նկատմամբ ներկայումս հետաքննություն է ընթանում Շվեյցարիայում: Բաղիշը Դավոսի տնտեսական ֆորումից Թուրքիա վերադառնալիս Ցյուրիխի օդանակավակայնում լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ինքը հերքում է Հայոց Ցեղասպանության փաստը, և դա անում է հենց Շվեյցարիայում, որտեղ Ցեղասպանությունների ժխտումը քրեականորեն հետապնդելի է, և որ երկրի իշխանությունները կարող են գալ և ձերբակալել իրեն, եթե ցանկանում են: Օրերս հայտնի դարձավ, որ Ցյուրիխի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Բաղիշի հայտարարության վերաբերյալ: