ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շրջապատի մի քանի ազդեցիկ ներկայացուցիչներ նրան հորդորել են քննարկել ՀՀ ոստիկանության պետ Վովա Գասպարյանի հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը` հղում կատարելով իր աղբյուրների վրա։
Թերթը նշում է, որ խնդիրն օրակարգային է դարձել «ՀԺ»-ի լրագրող Հայկ Գևորգյանի ձերբակալությանը հետևած հանրային արձագանքից հետո։
Իշխանական փիառով զբաղվող որոշ մարդիկ Սերժ Սարգսյանին ահազանգում են, որ Հայկ Գևորգյանի գործով Վովա Գասպարյանը վերջնականորեն ձեռք է բերում գործ սարքողի իմիջ, ինչը նախընտրական շրջանում թուլացնում է իշխանական ուժային դիրքերը։
«Սերժ Սարգսյանը, վերոնշյալ փաստարկների որոշ մասն ընդունելով հանդերձ, վատ է վերաբերվում Գասպարյանին պաշտոնանկ անելու գաղափարին, քանի որ կարծում է, թե դա ոստիկանության «մարտունակության» վրա բացասաբար կարող է ազդել։ Դիտորդների կարծիքով, եթե Վովա Գասպարյանը մեկ-երկու շաբաթվա ընթացքում պաշտոնանկ չարվի, կպաշտոնավարի առնվազն մինչեւ նոր Աժ ձևավորումը», – գրում է օրաթերթը։