Home / Հայաստան / Հարավային Օսիայի գլխավոր ընդդիմադիր գործչին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց

Հարավային Օսիայի գլխավոր ընդդիմադիր գործչին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց

Նախօրեին կաթված ստացած և հիվանդանոց տեղափոխված Հարավային Օսիայի նախագահական ընտրությունների նախկին թեկնածու Ալլա Ջիոևան այսօր ուշքի է եկել և սկսել է խոսել: Ջիոևայի առողջական վիճակը կտրուկ վատացել է այն բանից հետո, երբ Ցխինվալիում գտնվող նրա շտաբ-բնակարան են ներխուժել ՕՄՕՆ-ի  աշխատակիցները` քննիչների ուղեկցությամբ,  ինքնահռչակ նախագահի երդման արարողությունից մեկ օր առաջ, հայտնում է gazeta.ru-ն:

Ջիոևայի վիճակը, այնուամենայնիվ, դեռևս ծանր է մնում:

 

Երկրի գլխավոր դատախազի ներկայացուցիչը հայտնել է, որ ընդդիմադիր գործիչն անցնում է երկրի ղեկավարությունը բռնի ուժով զավթելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու գործով, և քննիչները ցանկանում էին նրան բռնի կերպով հարցաքննության տանել: Ըստ պաշտոնական վարկածի` Ջիոևան իրեն վատ է զգացել հարցաքննության ընթացքում:

Ընդդիմադիր գործիչի համակիրների խոսքով, սակայն, ուժայինները հարված են հասցրել նրա գլխին, ինչի հետևանքով էլ նրա առողջական վիճակը վատացել է: Հանրապետական հիվանդանոցի գլխավոր բժիշկը հերքել է վնասվածքների առկայությունը:

 

«Նրա առողջական վիճակը կայուն ծանր է գնահատվում, սակայն նա գիտակցության է եկել: Ջիոևան գանգատներ ունի ցավերից»,-ասել է հերթապահ բժիշկը:

Ջիոևայի վերաբերյալ գործը հարուցվել է երեքշաբթի, և դրանով զբաղվում է ռուսաստանյան Անվտանգության դաշնային ծառայությունը և Քննչական կոմիտեն: Գործի առնչությամբ մեղադրյալներ դեռևս չկան, սակայն կասկածյալների թվում է նախագահական ընտրությունների չկայացած թեկնածու Ջամբուլատ Տեդեևը (նրան չէին գրանցել, որից հետո Տեդեևը միացել էր Ջիոևային) և Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին ղեկավար Անատոլի Բարանկևիչը:

Հիշեցնենք, որ 2011 թվականի նոյեմբերի 27-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքում Ալլա Ջիոևան դուրս էր եկել երկրորդ փուլ` դեմ դուրս գալով իշխանությունների թեկնածու Անատոլի Բիբիլովին: Նախնական տվյալների համաձայն` Ջիոևան հաղթում էր:

Սակայն հանրապետության Գերագույն դատարանը, որին դիմել էր Բիբիլովը, չեղյալ էր հայտարարել ընտրության արդյունքները` փաստելով, որ ընտրությունների ընթացքում խախտումներ են արձանագրվել:

Ընդդիմության թեկնածուն դրանից հետո հայտարարել էր, որ ինքն իրեն ընտրված նախագահ է համարում և չի պատրաստվում զիջել իր հաղթանակը: