Հայաստանյան խոշոր քաղաքական ուժերը հիմնականում ճիշտ չեն համարում պաշտոնական դիրքորոշում հայտնել Ռուսաստանում մարտին անցկացվելիք ընտրություններում այս կամ այն թեկնածուին սատարելու առնչությամբ:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարծիք հայտնեց, որ ՌԴ ներկայիս վարչապետ Վլադիմիր Պուտինի հաղթանակը բխում է Հայաստանի շահերից: Ռուսաստանյան քաղաքացիություն ունեցող հայերին Պուտինին քվեարկելու կոչով է հանդես եկել նաև ՀԱԿ-ի մաս կազմող Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցությունը:
Epress.am-ը մի քանի հայաստանյան քաղաքական ուժերից փորձել է ճշտել Ռուսաստանի ընտրությունների, մասնավորապես, Վլադիմիր Պուտինին սատարել-չսատարելու վերաբերյալ դիրքորոշումը:
ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Սպարտակ Սեյրանյանը մեզ հետ զրույցում կարծիք է հայտնել, որ սուվերեն այլ երկրում տեղի ունենալիք ընտրությունների մասին դիրքորոշում ունենալը աբսուրդ է:
«Դաշնակցությունը զբաղվում է հայաստանյան խնդիրներով», – ասել է Սպարտակ Սեյրանյանը:
ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինին սատարելու կամ չսատարելու հարց չի բարձրացվել նաև ԲՀԿ քննարկումների ժամանակ և անհավանական է, որ կուսակցությունը կոնկրետ դիրքորոշում ունենա այդ հարցում:
«Այո, մեզանից յուրաքանչյուրը կարող է ունենալ իր դիրքորոշումը, կարող է այդ կարծիքը արտահայտել, ինչպես արեց Տիգրան Սարգսյանը, սակայն կուսակցությամբ անել նման հայտարություն, ինչպես ՍԴՀԿ-ի դեպքում, պատիվ չի բերում: ԲՀԿ-ն նման հայտարարություն չի անի», – ասել է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նման հարցը քննարկելը և դիրքորոշում ունենալը ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանի համեմատությամբ` նման է ուրիշի անձնական կյանքը քննարկելուն:
«Ես անձամբ կարող եմ ուզել, որ ԱՄՆ նախագահը լինի Պողոս Պողոսյանը, օրինակ, սակայն որպես քաղաքական գործիչ ես նման ցանկություն բարձրաձայնելու ու կոչ անելու իրավունք չունեմ»,- ասել է Հակոբ Հակոբյանը` նշելով, որ ՌԴ ընտրություններում որևէ թեկնածուի պաշտպանության հարցը ՀՀԿ-ն չի քննարկել:
«Մենք այլ պետության ներքին գործերի մեջ չենք մտնում և նման դիրքորոշում անելը ճիշտ չենք համարում»,- այս հարցի կապակցությամբ ՀԱԿ-ի պաշտոնական տեսակետը Epress.am-ին ասել է ՀԱԿ արտաքին հանձնախմբի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նշել է, որ ՀՀ վարչապետի կարգի բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունը պատիվ չի բերում նրան:
««Ժառանգությունն» այն ուժն է, որ հասկանում է` այլ պետության ընտրություններին խառնվելու իրավունք չունի, ուստի մենք չենք քննարկել և ոչ էլ քննարկելու ենք հայտարարություն անելու հարցը», – ասել է Բախշյանը: