Home / Հայաստան / ՀՀԿ-ականը կոչ է անում Սասուն Միքայելյանին շնորհավորել Հրազդանի քաղաքապետին

ՀՀԿ-ականը կոչ է անում Սասուն Միքայելյանին շնորհավորել Հրազդանի քաղաքապետին

ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կոչ է արել Սասուն Միքայելյանին քաղաքական կամք դրսևորել և շնոհավորել Հրազդանի  քաղաքապետ ընտրված  Արամ Դանիելյանին, հատկապես որ Սասուն Միքայելյանի շտաբը չի պատրաստվում բողոքարկել ընտրությունների արդյունքները:

Այս դիտարկմանը հակադարձելով` ասուլիսի մյուս բանախոս Ստեփան Սաֆարյանը` «Ժառանգությունից», նկատեց, որ Սասուն Միքայելյանի շտաբի հայտարարության մի կարևոր նյուանս Ավագյանը չի նշում. Միքայելյանը չի բողոքարկի, քանի որ չի վստահում երկրի դատական համակարգին, իսկ այն, որ Հրազդանի քաղաքապետի ընտրություններն անցել են կեղծիքներով, կասկածից վեր է:

«Իշխանական ուժն իր բոլոր լծակներն օգտագործեց: Ավելորդ է ասել, որ մարզպետը չպետք է հայտարարի, թե ինքը ամեն ինչ անելու է, որ  իր քաղաքական ուժը ներկայացնող թեկնածուն անցնի Հրազդանի ընտրություններում: Դուք հաղթեցիք թե ընտրություններին, թե ժողովրդին, թե ընդդիմությանը: «ժառանգության» ներկայացուցիչներին ինչո՞ւ հանեցին ընտրական հանձնաժողովից, որ ինչ ուզեն անեն»,- ասել է Ստեփան Սաֆարյանը:

Այնուհանդերձ Սաֆարյանը նշել է, որ ընդդիմությունը ոչ մի դեպքում  Հրազդանի ընտրությունների արդյունքներից չպետք է հիասթափության մեջ ընկնի:

Կարեն Ավագյանը «Ժառանգության» դիտորդների` ընտրակեղծիքների մասին հայտարարությունները բամբասանք է որակել: Ըստ Ավագյանի` ընտրությունները անցել են ընտրական օրենսգրքի համաձայն: