Home / Հայաստան / Պաշտոնական տվյալներ. Արամ Դանիելյանը շրջանցեց Սասուն Միքայելյանին 1573 ձայնով

Պաշտոնական տվյալներ. Արամ Դանիելյանը շրջանցեց Սասուն Միքայելյանին 1573 ձայնով

07:00 Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված տվյալների համաձայն, Հրազդանի քաղաքապետի ընտրություններում գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը հավաքել է 13079 ձայն, իսկ ընդդիմադիր թեկնածու Սասուն Միքայելյանը՝ 11 506:

Դանիելյանը 27 տեղամասերից հաղթել է 24-ում, Միքայելյանը՝ 3-ում:

23:45 Հրազդանում մոտենում է ավարտին քաղաքապետի ընտրություններում ձայների հաշվարկը: Epress.am-ի թղթակիցը հետևել է հաշվարկին 25/22 ընտրատարածքում, որտեղ նախնական տվյալներով գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը ստացել է 509 ձայն, ընդդիմադիր թեկնածու Սասուն Միքայելյանը՝ 324 ձայն:

20:18 Հրազդանի մի քանի ընտրատարածքներ որոշ ժամանակով հոսանքազրկվել են: Քիչ հետո հոսանքը վերականգնվել է:

20:05 20:00-ին Հրազդանում բոլոր ընտրատեղամասերը փակվել են: Ինչպես տեղեկացել են Epress.am-ի թղթակիցները, ընտրատարածքների հիմնական մասում քվեարկել է ընտրողների կեսից ավելին: Այս պահին Հրազդանում սկսվել է ձայների հաշվարկը:

19:45 Հրազդանի քաղաքապետի ընտրությունները մոտենում են ավարտին: Մարդկանց հոսքը ակնհայտորեն նվազել է: Ընտրատեղամասերումքվարկում են վերջին ընտրողները:

Epress.am-ի թղթակիցները մի քանի ընտրատեղամասերի մոտ նկատել են ոստիկանական մեքենաներ, իսկ 25/11 ընտրատարածքից քիչ հեռու` հատուկ ջոկատայինների մեքենա:

Ժամը 20:00-ին ընտրատարածքները փակվելու են, որից անմիջապես հետո սկսվելու է ձայների հաշվարկը:

19:00  Հրազդանի գործող քաղաքապետ, այսօր անցկացվող քաղաքապետի ընտրություններում համայնքի ղեկավարի թեկնածու Արամ Դանիելյանը հաղորդագրություն է տարածել, որում մեղադրում է լրագրողներին եւ Սասուն Միքայելյանի շտաբի անդամներին մի շարք խախտումների մեջ.

«Փետրվարի 12-ին «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը Հրազդան քաղաքային համայնքի թեկնածու Արամ Դանիելյանի գրասենյակից գողացել են վստահված անձանց անձնական բնույթի փաստաթղթեր:

Թեկնածու Սասուն Միքայելյանի հայրենի Վանատուր թաղամասի երկու ընտրական տեղամասերին հարող տարածքներում առկա են բավականաչափ կուտակումներ, որոնք խախտում են Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքի պահանջները:

Ընդդիմադիր լրատվամիջոցների շատ ներկայացուցիչներ այս պահին Հրազդան քաղաքում զբաղված են ընտրական գործընթացների ուղղակի միջամտությամբ և վերազանցում են իրենց գործառույթները:

25/19 տեղամասում Սասուն Միքայելյանի կողմնակիցներից մեկը փորձել է ուրիշի անձնագրով քվերակություն կատարել, որը կանխվել է Արամ Դանիելյանի վստահված անձի կողմից:

Այս պահին, դեռեւս առկա են Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբ տեքստով ցուցանակներ, իսկ նրա կենտրոնական նախընտրական շտաբի վրա փակցված է վերջինիս նկարը՝ կարգախոսով, որոնք համարվում են քարոզչանյութեր՝ իրականացնելով քարոզչություն», – ասված է հաղորդագրության մեջ:

17:00 hrazdanyntrutiunner2012.blogspot.com կայքում տեսանյութ է տեղադրվել, որում մի կին արդարություն է պահանջում՝ նշելով, որ «բոլորին բաժանում են, իսկ իրեն՝ ոչ, ինքը երկու երեխա ունի»:

«Եթե հավասարություն է, ուրեմն հավասար բաժանեք», – ասում է նա:

16:00 Epress.am թղթակիցները վերջին մեկ ժամվա ընթացքում եղել են 3 ընտրատարածքներում, որտեղ հարաբերական անդորր է: Չնայած ընտրողների ակտիվությանը, մեր հարցումների ընթացքում եղան մարդիկ, որոնք նշեցին, որ չեն քվեարկել, կամ չեն պատրաստվում քվեարկել:

Մինչեւ 15:00-ն արված նկարահանումներից ու հարցումներից հատվածներ հետեւյալ տեսանյութում.

15:00 Epress.am-ի աշխատանաքային խմբի անդամներն արձանագրում են, որ ընտրատեղամասերում ակտիվությունը չափազանց մեծ է մնում: Մարդկանց կուտակումները չեզոքացնելու համար ոստիկանները ստիպված են փակել տեղամասի դռները, եւ ընտրողներին մաս-մաս թողնել ներս:

14:50 Մինչեւ ընտրություններն օգտագործված կնիքների մասին լուրեր են հասնում մի քանի տեղամասերից: http://hrazdanyntrutiunner2012.blogspot.com կայքը այդ մասին տեսանյութ է տեղադրել.

14:15 25/02 ընտրատարածքի մուտքի մոտ Epress.am-ի թղթակիցը կուտակումներ է նկատել: Ոստիկանները ստուգելով լրագրողի փաստաթուղթը՝ ներս են թողել նրան, եւ նա սկսել է տեսանկարահանումներ անել: Այդ պահին տեղամասի հանձնաժողովի նախագահ Գեղամ Միքայելյանը բարձր ձայնով զրուցելիս է եղել Սասուն Միքայելյանի վստահված անձ Ֆելիքս Խաչատրյանի հետ՝  փորձելով ապացուցել վերջինիս, որ կուտակումներ չկան: Զրույցի ընթացքում Միքայելյանը, շրջվելով Epress.am-ի թղթակցի կողմ, սկսել է բղավել նրա վրա: Լրագրողը պահանջել է բարձր տոնով չխոսել՝ նշելով, որ ինքը կատարում է իր մասնագիտական պարտականությունները, որից հետո նախագահը հանդարտվել է: Դրանից հետո տեղամասը սկսել է նորմալ գործել, կուտակումները սկսել են վերանալ:

14:00 25/10 ընտրատարածքում մինչ քվեաթերթիկների վրա կնիք դնելը Սասուն Միքայելյանի վստահված անձը հորդորել հանձնաժողովի նախագահ Էդգար Տիգրանյանին ստուգել՝ արդյոք կնիքն օգտագործված եղել է, թե՝ ոչ, սակայն նախագահը չի ստուգել եւ կնիքը թաթախել է թանաքի դեմ:

Epress.am-ի թղթակիցը նույն ընտրատարածքում նկատել է, թե ինչպես քվեախցիկներից մեկի առջեւ քվեարկում են զույգով: Թղթակիցն ընտրատարածքի նախագահին հարցրել է, թե ինչու է թույլ տալիս ընտրողներին քվեարկել զույգով: Ի պատասխան, Տիգրանյանը հայտարարել է, որ դա արվում է օրենքի սահմաններում ընտրողի խնդրանքով:

13:30 25/02 տեղամասում Epress.am-ի թղթակիցը լուրջ կուտակումների ականատես է եղել: Ընտրատարածքի ներսում տեղ չի եղել, մարդիկ հրմշտելով ներս էին մտնում: Քիչ անց ոստիկաններին հաջողվել է կարգավորել վիճակը, եւ այժմ մարդկանց փոքր հոսքերով են ներս թողնում: Այս ընտրատարածքում արդեն հասցրել է քվեարկել 360 մարդ: Epress.am-ի թղթակցի հետ զրույցում Սասուն Միքայելյանի վստահված անձ Ֆելիքս Խաչատրյանը նշել է, որ տվյալ ընտրատարածքում ինքը բաց քվեարկության դեպք է նկատել:

13:15 Որոշ ընտրատարածքներում լարվածություն է նկատվում, հաճախ կարելի է տեսնել, որ մարդիկ քվեարկության են գալիս ընտանիքներով:

13:00 Հրազդանում այսօր անցկացվող քաղաքապետի ընտրություններին  առավոտվանից ակտիվ քվեարկություն է ընթանում:  Հրազդանում աշխատող Epress.am-ի թղթակիցները մի քանի ընտրատարածքներում հերթեր, մարդկանց կուտակումներ են նկատել:  Մասնավորապես, ամենամեծը համարվող թիվ 1 ընտրատարածքում այս ժամի դրությամբ արդեն քվեարկել է 486 ընտրողներ:

Հիշեցնենք, որ քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են համայնքի գործող ղեկավար Արամ Դանիելյանը եւ ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ, անկուսակցական Սասուն Միքայելյանը: