ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր պաշտոնավարության վերջին բյուջետային ծրագրի արտաքին հատկացումների շրջանակում 19%-ով կրճատել է Հայաստանին տրվող ֆինանսական աջակցությունը, հայտնում է Ամերկայի Հայ Ազգային Կոմիտեն:
Օբաման նախատեսում է Հայաստանին ԱՄՆ 2013 ֆինանսական տարվա բյուջեից 27 միլիոն 219 հազար ԱՄՆ դոլար հատկացնել Տնտեսական աջակցության հիմնադրամ (ESF) ծրագրով, որը մոտ 12 միլիոն 781 հազարով կամ 32%-ով ավելի քիչ է, քան նախորդ տարի Հայաստանին տրված գումարը:
Այս տարի ԱՄՆ-ն ESF-ում չեն ընդգրկել «Թմրանյութերի միջազգային վերահսկում և աջակցության իրավապահ մարմիններին» և Առողջապահական ծրագրերով հատկացվող գումարները, որոնք, ի տարբերություն նախորդ տարվա, տրվելու են առանձին:
Օգնության այդ երեք ծրագրերով միասին Հայաստանին կհատկացվի շուրջ 32 միլիոն 543 հազար դոլար, որը 19 %-ով ավելի քիչ է, քան 2012-ի բյուջեյում նախատեսված օգնությունը:
Ինչ վերաբերում է ռազմական օգնությանը, ապա ԱՄՆ վարչակազմը Արտաքին ռազմական ֆինանսավորման (FMF) և Միջազգային ռազմական կրթության և վարժանքի ծրագրերի համար (IMET) Հայաստանին և Ադրբեջանին 2,7-ական միլիոն դոլար կհատկացնի:
Օբամայի վարչակազմը, բացի ֆինանսական աջակցության կրճատումից, Հայաստանին չի ընդգրկել նաև «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում, որն ուղղված է աղքատության կրճատմանը:
ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի կողմից Հարավային Կովկասի երկրներին հատկացվող գումարների պատկերը հետևյալն է.
Տնտեսության աջակցության հիմնադրամ
Հայաստան – $27,219,000
Ադրբեջան – $11,029,000
Վրաստան – $42,660,000
Արտաքին ռազմական ֆինանսավորում
Հայաստան – $ 2,700,000
Ադրբեջան – $ 2,700,000
Վրաստան – $ 14,400,000
Միջազգային ռազմական կրթություն և վարժանք
Հայաստան – $600,000
Ադրբեջան – $600,000
Վրաստան – $1,800,000
Թմրանյութերի միջազգային վերահսկում և օգնություն իրավապահ մարմիններին
Հայաստան – $2,824,000
Ադրբեջան – $1,226,000
Վրաստան – $4,000,000
Գլոբալ Առողջապահական ծրագրեր – USAID
Հայաստան – $ 2,500,000
Ադրբեջան —–
Վրաստան – $4,000,000