Անդրադառնալով Վարդան Օսկանյանի ԲՀԿ-ին անդամակցելու ցանկությանը` ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանն այդ քայլը համարել է «Օսկանյանի ուշ հասունանալու արդյունք» և նրա կողմից «թեթևսոլիկ քայլ»:
«Ցավալի է, որ 60 տարեկանում է տղամարդը հասունանում և հասկանում, որ ուժին է ինքը պատկանում: Քաղաքականության մեջ լինել 20-25 տարի ու հետո հասկանալ, որ կուսակցությանն են պատկանում, նորմալ չէ: Նույնը եղավ նաև Տիգրան Սարգսյանի դեպքում», – ասել է Արամ Մանուկյանը:
Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թելադրանքով է Օսկանյանը ԲՀԿ-ական ուզում դառնալ` Արամ Մանուկյանը հորդորել է «դրա անունը չտալ»` նկատի ունենալով Քոչարյանին:
«Կարևոր չէ` ով է թելադրել, չեմ ուզում իմանալ: Կարևորն այն է, որ մարդը խաղալիք է, եթե մարդ տեր ունենալու կարիք ունի: Ասում են` ստրկատերը ի՞նչ անի, որ ստրուկը ուզում է ստրուկ մնալ», – ասել է Արամ Մանուկյանը: