Հուլիսին Ասկերանի զորամասերից մեկում խելագարված զինծառայող Հովհաննես Վարդանյանի նկատմամբ կիրառված բռնության վերաբերյալ հրապարակումների առիթով ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի ցուցումով սեպտեմբերին հարուցված քրեական գործով դեռևս ձերբակալվածներ չկան: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Հովհաննեսի հայրը՝ Վարդան Վարդանյանը:
«Չորս օր առաջ Ղարաբաղից երկու քննիչ էին եկել՝ Հովիկի գործով, ազգանունները չեմ հիշում, անունները՝ Հայկ ու Նվեր, Հովիկին ստուգման տարան Նորքի հոգեբուժարան: Ես դուրս էի եկել սենյակից, իրենք հարցեր են տվել, այնուհետ զննել են բժիշկները», – պատմել է Վարդանյանը:
Նրա խոսքով՝ ինքը երեկ զանգել է Լեռնային Ղարաբաղ, զրուցել է քննիչների հետ ու հետաքրքվել հետաքննության մանրամասների մասին:
«Քննիչներն ինձ ասացին, որ հետաքննությունը գնում է, իրենք ման են գալիս մեղավորներին: Ես հարցրեցի՝ ինչու են այսքան հետաձգում, մի՞թե այս ամիսների ընթացքում որևէ կասկածյալի կամ մեղավորների հնարավոր չի եղել գտնել, նրանք ասացին՝ մի անհանգստացի, ման ենք գալիս, քնած չենք, 2500 զինվոր ունենք, բոլորին հերթով քննելով գնում ենք: Ես էլ ասացի՝ ձեր գործն է, ինձ պետք է, որ մեղավորները պատժվեն ու հնարավորինս արագ», – ասել է Վարդանյանը:
Զինվորի հայրը նաև նշել է, որ քննիչները հերքել են այն փաստը, թե Հովհաննեսի մեջքին մինչ օրս դաջված սպին, որն առաջացել է բանակում՝ խոշտանգման հետևանքով է: Նրանց խոսքով` այն ավելի վաղ պատմություն ունի և առաջացել է մինչ բանակ գնալը:
«Նրանք ասացին, որ դա շուտվա պատմություն է, ես էլ որպես ապացույց բերեցի Հելսինկյան ասոցացիայի նկարահանած կադրերը, որտեղ պարզ երևում է թարմ կապտուկը: Ինձ ուզում են համոզել, թե ես չգիտեմ, ո՞ր սպին է իմ տղայի մարմնի վրա հին կամ նոր: Ես նաև ասել եմ, որ միևնույն է բողոքելու եմ, պարզպես հիմա գնալ- գալու հնարավորություն այդքան չկա: Քննիչները նաև հետաքրքրվում էին, թե Հովհաննեսը մեղավորների անուններ արդյոք տալիս է, ես էլ ասացի՝ հարցրեք, եթե հիշում է, թող ասի», – ասել է Վարդանյանը:
Նա նաև նշել է, որ Հովհաննեսը մինչ օրս անուններ չի նշում, քանի որ հիշողությունը թույլ չի տալիս, փոխարենը միշտ պատմում է այլմոլորակայինների ու երկնային ինչ- որ ուժերի մասին: Հիշեցնենք, որ «Չենք լռելու» նախաձեռնության կողմից հոգեբուժարանում արված նկարահանումների ժամանակ երիտասարդը տվել է ոմն Շալոնի անունը:
«Տղայիս այն աստիճան են վախեցրել, որ նա սարսափում է խոսել դեպքի մասին: Երբեմն-երբեմն պատմում է, որ ինչ-որ ՈՒԱԶ մեքենա են նստել ու վերջ: Ինքս շատ զգույշ եմ, չեմ ուզում, որ հանկարծ իմ խոսքով ինչ-որ անմեղ մեկի ներքաշեմ այս գործի մեջ: Համենայնդեպս, ես ասել եմ` տղայիս ոնց տվել եմ, այդպես էլ ուզում եմ ստանամ», – նշել է Վարդանյանը:
Հովհաննեսի հոր խոսքով՝ այժմ տղան բուժում է ստանում Ավանի հոգեբուժարանում և, բժիշկի հավաստմամբ, դեռևս երկու տարի էլ անհրաժեշտ է բուժման համար:
«Արտասահմանում բուժումն ավելի կարճ կտևեր ու տղաս ավելի արագ կկազդուրվեր, բայց սեփական միջոցներս հազիվ են բավականացնում այստեղ բուժելու համար: Բոլոր խոստումները մնացին օդում, արտասահման տանելու հույսը՝ նույնպես: Ասում են՝ Ավանի հոգեբուժարանի բժիշկ Բակունցը հրաշքներ է գործում, ես էլ հավատում եմ, քանի որ մինչ օրս նրա շնորհիվ տղայիս մոտ զգալի առաջխաղացում կա», – պատմել է Վարդանյանը:
Նա նաև տեղեկացրել է, որ Հովհաննեսը օրվա մեծ մասն անցկացնում է դեղերի աղդեցության տակ՝ քնած վիճակում, իսկ մնացած ժամանակ շրջում է տանը, հեռուստացույց դիտում: