Այսօր ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը և Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափին «Զարգացման քաղաքականության երրորդ գործառնություն» ծրագրի շրջանակում ստորագրել են ֆինանսավորման և փոխառության համաձայնագրեր` 50 մլն և 30 մլն դոլար գումարային արժեքով: Այս մասին հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Ծրագրի շրջանակներում Միջազգային զարգացման ընկերակցությունը Հայաստանի Հանրապետությանը կտրամադրի 32 600 000 (SDR) Փոխառության հատուկ իրավունքին համարժեք գումարի չափով վարկ (մոտ 50 մլն ԱՄՆ դոլար): Վարկը Հայաստանի Հանրապետությանը տրամադրվում է 25 տարի ժամկետով, որից 5-ը` արտոնյալ (առանց մայր գումարի մարման), տարեկան 1.25% տոկոսադրույքով:
Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությանը կտրամադրի 30 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով փոխառություն: Փոխառությունը տրամադրվում է 25 տարի ժամկետով, որից 10-ը` արտոնյալ (առանց մայր գումարի մարման):
Վարկերը տրամադրվում են Հայաստանի Հանրապետությանը որպես բյուջետային աջակցություն: