Մինչ Ադրբեջանի թեման, Dorians խումբը մտադրություն չուներ մասնակցել «Եվրատեսիլ» երգի մրցույթին: Այս մասին «168 ժամ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է Dorians ռոք խմբի մենակատար Գոռ Սուջյանը` անդրադառնալով այս տարի Ադրբեջանում կայանալիք «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթին: Նշենք, որ Սուջյանը ներկայացրել է երգը Հանրային հեռուստաընկերությանը, որը պետք է կայացնի գնալճչգնալու վերջնական որոշումը:
«Այսօր Ադրբեջանի թեման առավել քան ռիսկի և պատասխանատվության խնդիր է, և, թերևս, հենց դա էլ գրավել է մեզ: Մենք ունենք մեր մեսիջը մեր երգի տեսքով, որ կուղղենք աշխարհին, և ինչո՞ւ չէ, նաև Ադրբեջանին» ,- ասել է Սուջյանը:
Երաժիշտը վստահեցրել է, որ եթե մրցույթը չկայանար Ադրբեջանում, իրենք չէին մասնակցի «Եվրատեսիլին»:
Խոսելով Ադրբեջանում հնարավոր ռիսկերի և վտանգների մասին` Գոռ Սուջյանը ասել է. «Եթե որոշվել է, որ Հայաստանը գնալու է «Եվրատեսիլին», ինչի համար նաև փաստաթուղթ է ստորագրվել, չեմ կարծում, թե ֆիզիկական իմաստով ինչ-որ վտանգ է սպառնում: Միգուցե, հոգեպես ճնշվածություն լինի, կամ վատ բառեր ասեն ելույթի ժամանակ, սուլոցներ լինեն, հնարավոր է` թուղթ էլ նետեն, բայց չեմ կարծում, թե ֆիզիկական իմաստով վտանգ է սպառնում: Իհարկե, Բաքվում վախ կլինի, որ հանկարծ բան չնետեն բեմ, բայց ռիսկը միշտ էլ հաճելի է»:
Այդուհանդերձ Սուջյանը վստահ է, որ «որպես մահապարտներ հաստատ չեն գնալու»:
Թերթի այն դիտարկմանը, թե Dorians-ի կողմից ներկայացված «Սա է մեր աշխարհը» երգը հստակ ենթատեքստ ունի և, ըստ երաժշիտների, ինչպիսի՞ն կլինի Ադրբեջանի արձագանքը, երբ աշխարհին խաղաղասիրական կոչ արվի, խմբի պրոդյուսեր Վահագն Գևորգյանը պատասխանել է. «Այդ երգը երգվում է ողջ աշխարհի համար, որտեղ բոլոր մարդիկ գտնվում են նույն վիճակում: Ցանկացած նորմալ մարդ ուզում է առողջություն և խաղաղություն, քանի որ ցանկանում է երջանիկ լինել: Իհարկե, հասկանում ենք, նաև այն, որ պատերազմները փող են բերում մարդկանց, այլ կերպ ասած `բիզնես է: Համացանցում մեր հայրենակիցները այնպիսի~ մեկնաբանություններ են թողել… Օրինակ`«ինչ է նշանակում կանգնեցնել պատերազմները, կտրել փշալարերը, մի հատ էլ մեր հողերը հետ տան»: Սա հիվանդ մոտեցում է: Կարծում եմ, եթե մենք հաղթած ազգ ենք համարում ղարաբաղյան պատերազմում, ապա ավելի վեհ է հաղթած ազգի կողմից խաղաղասիրական կոչեր անելու մոտեցումը»:
Լրագողը նաև հարց է ուղղել երաժշտին առաջիկա խորհրդարանական ընտրությունների ըթնացքում քաղաքական դիրքորոշման մասին, ինչին Սուջյանը պատասխանել է, որ իրենք ոչ մեկին ոչ դեմ են, ոչ կողմ:
«Ունենք մեր առանձին աշխարհը, որտեղ ապրում ենք: Հայաստանում դժգոհությունը շատ է, ժպիտը` քիչ, և մեզանում, կարծես, գերակշռում է «մուննաթը»: Մենք սիրում ենք նստել թախտին, սպասել բախտին, այնինչ պետք է գործել, աշխատել ու հասկանալ, թե ո՞րն է քո կյանքի նպատակը», – եզրափակել է երաժիշտը: