Երեկ Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստները Երևանում ակցիա են կազմակերպել, որը նվիրված էր 2008 թվականի փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններին:
Երիտասարդները տպել էին համացանցում տարածված 5 հազար դրամանոց թղթադրամը, որի վրա Հովհաննես Թումանյանի փոխարեն պատկերված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, և բաժանում էին այն անցորդներին որպես խորհրդանշական ընտրակաշառք: Ակցիայի կազմակերպիչները ցանկանում էին ցույց տալ, որ 4 տարի առաջ կայացած ընտրություններն անցել են ընտրակեղծիքներով, իսկ մարդկանց ձայները գնվել են 5000 դրամով:
«Անցորդներից շատերը հումորով էին վերաբերվում, կային մարդիկ, որ հինգ հազարը քիչ էին համարում, մյուսները հրաժարվում էին վաճառել իրենց ձայնը: Հայաստանն այլևս հնարավորություն չունի ևս մեկ կեղծված ընտրություներ անցկացնելու, սա արդեն մեր գոյության, մեր անկախության խնդիրն է, և այս անգամ մենք ամեն գնով պետք է տեր կանգնենք մեր քվեին», – Epress.am-ի հետ զրույցում ասել է ակցիայի մասնակից Արեգ Գևորգյանը` նկատի ունենալով գալիք խորհրդարանական ընտրությունները: