Այսօր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի կողմից հրավիրված խորհրդակցության ժամանակ ի թիվս այլ հարցերի, քննարկվեց նաև ՀՀ ՔՀԾ կողմից ՀՀ ԱԺ նախագահին ուղարկված գրությունը, որը կապված է փետրվարի 9-ին ԱԺ հերթական նիստում պատգամավորներ Արա Բաբլոյանի, Հերմինե Նաղդալյանի, Գագիկ Մելիքյանի և Արեգ Ղուկասյանի կողմից ԱԺ կանոնակարգի խախտում թույլ տալու` բացակա պատգամավորների փոխարեն քվեարկելու հետ:
Քննարկման ժամանակ արձանագրվեց, որ գրության մեջ հիշատակված հարցերը կանոնակարգված են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 45-րդ, 56-րդ եւ 61-րդ հոդվածներով: Մասնավորապես, 56-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետով սահմանված է, որ պատգամավորը կարող է նիստի վարման կարգի վերաբերյալ ելույթով առաջարկել վերականգնել քվեարկության արդյունքները լուսատախտակի վրա և կարծիք հայտնել քվեարկության ընթացքում խախտումների մասին:
Հիշատակված նիստում` քվեարկության ժամանակ, պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, վարման կարգով ելույթ ունենալով, նշել է մեկ պատգամավորի անուն` ասելով, որ նա քվեարկել է ուրիշի փոխարեն, սակայն չի առաջարկել վերականգնել քվեարկության արդյունքները լուսատախտակի վրա: Նիստը վարողը, հաշվի առնելով քվեարկության արդյունքները, և այն, որ հիշատակված դեպքը էականորեն չի ազդում քվեարկության արդյունքների վրա, վերաքվեարկություն չի հայտարարել:
Ինչ վերաբերում է նիստի ընթացքում պատգամավորների կողմից թույլ տրված կանոնակարգային խախտումների մասին հիշատակումներին, փաստ է, որ բացի վերոհիշյալ դեպքից, կոնկրետ այլ պատգամավորների անուններ որևէ պատգամավորի կողմից չեն հնչեցվել: Ուստի, նիստը վարողը «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ կետի հիմքով պատգամավորների նկատմամբ կարգապահական միջոցներ չի կիրառել` հորդորելով պատգամավորներին ուրիշի փոխարեն չքվեարկել:
Խորհրդակցության ընթացքում, կարևորելով նման դեպքերի բացառումը, նշվեց, որ ՀՀ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի փոփոխության արդյունքում ստեղծվելիք էթիկայի հանձնաժողովի գործառույթներում ներառված են նաև պատգամավորի վարքագծի կանոններին առնչվող հարցերը, գործուն մեխանիզմներ են նախատեսված քննարկվող բացասական երևույթները կանխելու համար:
ԱԺ լրատվական ծառայության փոխացմամբ` քննարկման արդյունքում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը որոշեց դիմել ՀՀ Ազգային ժողովի խմբակցություններին` կոչ անելով աշխատանք տանել հետայսու համանման երևույթները բացառելու համար: