Home / Հայաստան / Բնապահպանը պատմել է, թե ինչպես է քաղաքաշինությունը սպանում Երևանը

Բնապահպանը պատմել է, թե ինչպես է քաղաքաշինությունը սպանում Երևանը

Վերջին 15 տարիներին քաղաքաշինությունը սպանել է Երևանը՝ հատկապես պատմամշակութային, էկոլոգիական  և սեյսմիկ վտանգների առումով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է բնապահպան, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը:

«Չորրորդ քաղաքապետի հետ է, որ մենք հանդիպում ենք, և այդպես էլ որևէ փաստաթուղթ չգտանք, չգտանք, թե որ փաստաթղթով է որոշվել, որ 1971 թվականից գործող հատակագիծը չի համապատասխանում քաղաքական նոր ռեալություններին:

Եկեք Գետառը փակենք, վրան սրճարան ու ռեստորաններ շարենք, վաղը կլիմայի փոփոխություն կլինի, հալոցքները կսկսվեն, կտեսնենք, թե խողովակները ոնց են  դիմանաալու: Մոռացել են այն հեղեղումները, որ Երևանում եղել են: Քանաքեռ ՀԷԿ-ի փողոցի բնակիչները կռվի մեջ են, քաղաքապետարանը թույլ է տվել կանաչ տարածքում օբյեկտ «տնկել», հետո, երբ բնակիչները բողոքել են` նշելով, որ բավական չէ կանաչ տարածք է, տակով կոյուղաջրեր ու խմելու ջրի խողովակներ են անցնում, քաղաքապետարանը որոշում է գտել` ինքը կտեղափոխի դրանք: Ոչ թե օբյեկտը, այլ հսկայական ջրատարները թող տեղափոխի, գործը դատարանից դատարան է գնում», – անդրադառնալով Երևանի խնդիրներին` ասել է Դանիելյանը:

Նա նշել է, որ հանրային շահի անվան տակ մարդիկ դուրս են շպրտվել Հյուսիսային պողոտայի տարածքից, իսկ հիմա արաբական երկրներում գովազդ է գնում՝ «ժողովուրդ ջան, եկեք, առեք»:

«Հանրային շահը պահելը մեր կանաչ տարածքներն են», – ասել է բնապահպանը:

Դանիելյանը նաև հավելել է, որ վերջին տարիներին Երևանը կորցրել է կանաչ տարածքների առնվազն կեսը: