Երեկ ուշ երեկոյան` 23:30-ի սահմաններում, երբ Մաշտոցի այգում տեղադրվող կրպակների դեմ պայքարող բնապահպանները լքել էին այգին, շինարարությունը վերսկսվել է:
Բանվորներն ակտիվ անցել են կրպակների մոնտաժման գործին, թեև մինչ այդ Մարգարյանի անվան ծննդատան հարակից այգում գիշերը չէին աշխատում:
Շինարարության մասին լուրը արագ տարածում է գտել Facebook սոցիալական ցանցում:
Facebook-յան քննարկումներում բազմաթիվ օգտատերեր գիշերային շինարարության փաստը խայտառակություն են անվանել:
Իրենց հերթին, տպագիր մամուլում այսօր անդրադարձ է եղել կրպակների հնարավոր սեփականատերերին:
Համաձայն «Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկությունների, շինարարության հետևում կանգնած են Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը ու Կապի և տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանը:
«Հրապարակ» օրաթերթն այս երկու անունների հետ մեկտեղ նշում է, որ այգու հատվածներից մեկը պատկանում է Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին, ևս մեկ կտոր Դատական ակտերի հարկադիր կատարման պետ Միհրան Պողոսյանին:
«Անշուշտ, տարածքների վարձակալները փաստաթղթերում հիշատակված անձինք չեն, և եթե վաղը հերքման տեքստեր տարածեն, խորհուրդ կտանք չզարմանալ», – հավելում է «Հրապարակը»: