Հակառակ ընդդիմության ակնկալիքներին` ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ն առաջիկա խորհրդարանական ընտրություններին պատրաստվում է Հայաստան գործուղել 250 կարճաժամկետ և 24 երկարաժամկետ դիտորդ: Դա ավելի քիչ է, քան 2007-ի խորհրդարանական և 2008-ի նախագահական ընտրություններին, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսը 2000 դիտորդ էր խնդրել ԵԱՀԿ-ից:
«ՀԺ»-ն նշում է, որ 2007 թվականի մայիսի 12-ի ՀՀ ԱԺ ընտրություններում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն ունեցել է 411 կարճաժամկետ դիտորդ, որոնք մասնակցել են միայն քվեարկության օրվա դիտարկմանը։ Բացի այդ, եղել է նաև 29 երկարաժամկետ դիտորդից և 15 փորձագետից բաղկացած խումբ։
2008-ի նախագահական ընտրություններին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն ուղարկել է 28 երկարաժամկետ և 333 կարճաժամկետ դիտորդ ու 16 հոգանոց փորձագիտական խումբ։
«Թվում էր, թե 2008 թվականի նախագահական ընտրությունների և դրան հաջորդած իրադարձությունների ֆոնին ԵԱՀԿ-ն պետք է ավելացնի իր դիտորդների թիվն առաջիկա ընտրություններում։ Սակայն, զարմանալիորեն, հակառակ պատկերին ենք ականատես լինում», – նշում է օրաթերթը։