Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու օրենքների նախագծերին, որոնցով հանգամանորեն կարգավորվում են ՀՀ արտակարգ դրության իրավական ռեժիմի առանձնահատկությունները` հնարավորինս բավարար երաշխիքներ սահմանելով արտակարգ դրության ժամանակ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների ապահովման համար։ Այս մասին տեղեկացնում է Կառավարության պաշտոնական կայքը:
Խոսելով փոփոխությունների մասին` ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշել է, որ հիմնական փոփոխությունն այն է, որ զինված ուժերը արտակարգ դրության դեպքում կարող են ներգրավվել միայն հատուկ պատրաստություն անցնելուց հետո:
Բացի այդ, Հրայր Թովմասյանի խոսքով, բացառվելու է զինված ուժերի` բնակչության հետ շփումը: Բանակն օգտագործվելու է արտակարգ իրավիճակների հետևանքները վերացնելու, ազգաբնակչությանը տարհանելու, մշակութային արժեքները տեղափոխելու, հատուկ պաշտպանվող օբյեկտները պաշտպանելու նպատակով:
Հիշեցնենք, որ օրինագիծն առաջին ընթերցմամբ անցել էր ԱԺ-ում` 67 ձայնով, որից հետո քվեարկության շուրջ սկանդալ էր բռնկվել:
Քվեարկությունից առաջ «Ժառանգության» պատգամավոր Լարիսա Ալավերդյանը պահանջել էր հաշվել դահլիճում ներկա պատգամավորներին` պնդելով, որ քվորում չկա: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանել է, որ քվորում կա, և քվեարկությունը կայացել է:
Այնուհետև Լարիսա Ալավեդրյանը փաստել էր, որ ՀՀԿ-ական պատգամավորները մեկը մյուսի փոխարեն են քվեարկում:
Թեև միջադեպի մասին տեղեկատվությունն ուղարկվել էր ՀՔԾ, ԱԺ-ն որոշել է չպատժել ուրիշի փոխարեն կոճակը սեղմողներին: