ԱԺ-ում տեղի ունեցած Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը հետաքրքիր է այն առումով, որ դրան մասնակցում էին նաև ադրբեջանցիներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը:
Նա նշել է, որ հանձնաժողովի հաջորդ նիստը կայանալու է Բաքվում, և Երևան այցելած ներկայացուցիչները մեծ ցանկություն են հայտնել, որպեսզի այդ նիստին Հայաստանի ներկայացուցիչները ևս մասնակցեն:
Զաքարյանը նշել է, որ ադրբեջանիցներն այստեղ անվտանգության խնդիր չեն ունեցել, և հիշեցրել այն դեպքը, երբ հայ ըմբշամարտիկը Բաքվում մրցաշարին մասնակցելու հետ կապված խնդիրներ ունեցավ:
«Ցանկություն կա մասնակցելու, եթե երաշխքիներ լինեն: Ճիշտ կլինի մասնակցելը: Քանի որ սա Ադրբեջանի միջոցառումը չէ, այլ Եվրանեսթի»,- ասել է Զաքարյանը:
Նրա խոսքով` որքան Ադրբեջանում քաղաքացիական հասարակությունը շուտ զարգանա, և հասարակությունը չգտնվի իշխանությունների ճնշումների տակ, այնքան կոնֆլիկտները տեսանելի լուծումներ կունենան:
Նշենք, որ նիստերի ժամանակ չեն քննարկվել ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ հարցեր, քանի որ Եվրանեսթը հակամարտությունների կարգավորման լուծումներով չի զբաղվում: