Ադրբեջանական կողմը հույս ուներ, որ հայաստանցի գրոսմայստեր Լևոն Արոնյանը կհամաձայնի Բաքվում մասնակցել համաշխարհային շախմատի թագին հավակնորդների մրցաշարին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Մաիր Մամեդովը:
«Մենք, իսկապես, հույս ունեինք, որ Լևոն Արոնյանը կհամաձայնի մասնակցել Բաքվում անցկացվող մրցաշարին: Նրա այցը, բռնցքամարտիկների այց չէ», – հայտարարել է Մամեդովը:
Ավելի վաղ ՖԻԴԵ-ն ընդառաջել էր Արոնյանին և աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը որոշել էր անցկացնել Լոնդոնում: Դրան նախորդել էր հայ գրոսմայստերի նամակն` ուղղված ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին:
Լևոն Արոնյանը նամակում գրել էր. «Ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ Ադրբեջանում տիրող ընդհանուր մթնոլորտը և մեր երկրների միջև գոյություն ունեցող մշտական լարվածությունը անհնար են դարձնում իմ մասնակցությունն Ադրբեջանում անցկացվող որևէ բարձրակարգ մրցաշարի:
Այնպիսի պատասխանատու և կարևոր միջոցառում, ինչպիսին աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարն է, նրա մասնակիցներից պահանջում է հոգեկան անդորր և ուժերի արտակարգ կենտրոնացում: Ոչ շախմատային ոչ մի հանգամանք չպետք է գրոսմայստերին խանգարի ցուցադրելու այն ամենը, ինչին նա ընդունակ է: Խիստ անհրաժեշտ է բարոյահոգեբանական բարենպաստ մթնոլորտ, որը, ցավոք, այս պահին Ադրբեջանում չկա ազգությամբ հայ որևէ անձնավորության համար: Բոլոր մասնակիցները պետք է գտնվեն հավասար պայմաններում, ինչը անհնար է հավակնորդների մրցաշարը Բաքվում անցկացնելու դեպքում: Անվտանգության երաշխիքներն ու ցանկացած տեսակի լրացուցիչ աջակցությունը չեն կարող օգնել իրավիճակին:
Հաշվի առնելով վերոհիշյալը, տեղեկացնում եմ ձեզ, որ ես հաճույքով կմասնակցեմ աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին աշխարհի ցանկացած այլ երկրում, բայց իմ մասնակցությունը Ադրբեջանում անցկացվող հավակնորդների մրցաշարին բացառվում է:
Հուսով եմ, որ դուք հաշվի կառնեք այս նկատառումները` մրցավայրի հարցը նախագահական խորհրդի նիստում քննարկելիս»: