Home / Հայաստան / Ինչո՞ւ են Արտակարգ դրության մասին օրենքն ընդունում ընտրություններից առաջ

Ինչո՞ւ են Արտակարգ դրության մասին օրենքն ընդունում ընտրություններից առաջ

Բանակը ոչ մի դեպքում չպետք է գործիք դառնա ներքին քաղաքական հարցերում: Ցանկացած  երկիր պետք է ունենա «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենք, սակայն այն ձևը, որով օրենքը Ազգային ժողով էր բերել կառավարությունը, անընդունելի էր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

«ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում մի կետ կար բոլորովին անընդունելի, ըստ որի նախագահը արտակարգ իրավիճակի ռեժիմի մեջ գտնվող երկրում կարող է չեղյալ համարել որևէ պետական կամ  տեղական կառավարման մարմնի որոշում: Սահմանադրությամբ սա որևէ կերպ չէր  կարող վերաբերել ԱԺ-ին, ինչը նշանակում էր, որ այստեղ պետք է փոփոխություն արվեր: Արվել է, թե ոչ, ես դեռ չեմ տեսել, կարծեմ երեկ երեկոյան այդ օրենքը բերվեց, ինչը տարօրինակ է, տարան  բարեփոխելու՝ հասկանալով, որ քննադատությունը՝ հատկապես մեր քննադատությունը ճիշտ էր», – ասել է Հովհաննիսյանը:

Նա հիշեցրել է օրենքի առաջին ընթերցմամբ ընդունման ընթացքը՝  ուրիշի փոխարեն կոճակներ սեղմելու դեպքերը, որը, ըստ Հովհաննիսյանի շատ լավ լուսաբանվել է:

«Նույնիսկ դրանից հետո կառավարության ներսում հասկացան, որ այս կերպ այս օրենքը հակասում է Սահմանադրությանը ու վարչապետը հետ կանչեց այն, սակայն կրկին վերադարձրել են՝  համարելով անհետաձգելի»,- ընդգծել է Հովհաննիսյանը:

ՀՅԴ խմբակցության ղեկավարը դժվարանում է ասել, թե որքանով են շտկվել օրենքում առկա անթույլատրելի սխալները:

«Մի բան կարևոր է՝  ամեն պարագայում բանակի  ներգրավումը ներքին  քաղաքական հարցերի մեջ անընդունելի է, որովհետև այդպես է համարում Սահմանադրությունը: Եթե, կառավարության ներկայացուցիչների կողմից նկարագրած՝ այլանդակություններ են տեղի ունենում երկրում, ապա դրանք արդեն չեն որակվի որպես ներքին քաղաքական պայքար և այդ  ժամանակ իրավիճակը բոլորովին այլ կլինի և  դրա համար մենք ունենք  ոչ թե «Արտակարգ իրավիճակ», այլ «Ռազմական դրություն» հայտարարելու հմնարավորություն», – նշել է նա:

Հովհաննիսյանի խոսքով՝ այն, ինչ բերել էին, ընդունելի չէր, այն, ինչը նոր են բերելու, իրենք դեռ կքննարկեն:

«Բերելու ձևն արդեն  մեզ համար անընդունելի է թվում, որովհետևլավ հասկանալի է , ընտրություններ են գալիս, ինչու են հենց ընտրությունից առաջ հանկարծ անդրադարձել ու կարևորել այս հարցը: Իրավունք ունի քաղաքացին մտածել, որ  իշխանությունը կանխատեսում է այնպիսի իրավիճակներ, որտեղ իրեն այդ օրենքը որպես գործիք պետք է գալու, բայց այդ իրավիճակներն ինչից են առաջանում, պետք  դրա դեմ պայքարել՝ լցոնումների, խախտումների, ընտրակաշառքի ու մնացած այլանդակությունների դեմ, որպեսզի նման իրավիճակներ չառաջանան, ոչ թե ենթադրելով, որ միևնույն է, դու դա անելու ես և հակադարձ ինչ-որ քայլեր են տեղի ունենալու ու փորձես այդ օրենքով հակադարձ քայլերի դեմն առնես, սա ընդունելի ձև չէ», – եզրափակել է Հովհաննիսյանը: