ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը հասցրել է ուսումնասիրել Մաշտոցի այգու հարցը, այժմ ինքը «խորաթափանց է» և կարող է հայտնել իր տեսակետը: Այս մասին նա այսօր հայտարարել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Այդ ակցիան մի քանի շերտ ունի: Առաջին` ակցիայի մասնակիցների 90%-ը ուղղորդված են: Նրանք հեռու գնացող քաղաքական նպատակներ ունեն, ուղղորդված են ոչ միայն հայաստանյան ուժերի, այլ դրսի ուժերի կողմից, որոնք շահագրգռված են Հայաստանում իրավիճակի ապակայունացմամբ», – ասել է Մանվել Բադեյանը:
Ակցիայի մասնակիցների մնացած 10%-ը, ըստ Բադեյանի, «մոլորության մեջ են»: Պատգամավորը կարծիք է հայտնել, որ այդ մարդիկ ազնիվ պայքարողներ են, սակայն, միաժամանակ, «մարտնչող տգետներ են», քանի որ չեն հասկանում, որ իրենց շահարկում են:
Ըստ բանախոսի` խնդիրը բնավ բնապահպանական չէ, քանի որ, ըստ նրա, ոչ մի ծառ ու ճյուղ չի տուժել:
«Ընդհուպ սատանիստ կա նրանց մեջ, սատանիստի հետևի՞ց պետք է գնանք, թե՞ քաղաքապետ Տարոն Մարգարյանի, որ իր անցած ուղով, Ավանով (Տարոն Մարգարյանը եղել է Ավանի թաղապետը –խմբ.), ապացուցել է, որ վատ բան չի անի», – ասել է պատգամավորը: