Google որոնողական կայքի «թարգմանիչ» ծրագիրը այսուհետ հնարավորություն կընձեռի թարգմանություններ անել էսպերանտոյով, հաղորդում է ընկերության պաշտոնական բլոգը:
«Թարգմանչի» շնորհիվ կարելի է էսպերանտոյով գրված տեքստը թարգմանել այլ լեզուներով և հակառակը:
Նշենք, որ էսպերանտոն «թարգմանչի» ծառայության 64-րդ լեզուն է: Google-ի ներկայացուցիչները նշել են, որ էսպերանտոյի թարգմանությունների որակը բավական բարձր է, չնայած հասանելի տեքստերի քիչ քանակությանը: Նրանք բացատրել են սա լեզվի արհեստական բնույթով:
Էսպերանտոն ստեղծվել է 1870-ականներին լեհ ակնաբույժ Լյուդվիկ Լազար Զամենհոֆի կողմից և կոչված էր ծառայելու որպես միջազգային շփման ունիվերսալ լեզու: Զամենհովի մականունը` «էսպերանտո» («հուսացող») շուտով դարձել է իր կողմից ստեղծված լեզվի անվանումը:
Էսպերանտոյի առաջին դասագիրքը լույս է ընծայվել 1887 թվականին:
Ներկայումս էսպերանտոյով խոսող մարդկանց թիվն աշխարհում տարբեր գնահատականներով մի քանի հարյուր հազարից մինչ մի քանի միլիոնի է հասնում:
Էսպերանտոյի ամենամեծ թվով լեզվակիրները Եվրամիության տարածքում են: