Israeli Aerospace Industries (IAI) ընկերությունը Ադրբեջանի հետ 1,6 մլրդ դոլարի զենք մատակարարելու վերաբերյալ համաձայնագիր է կնքել:
Այս մասին փետրվարի 26-ին հայտնում է «Մաարիվ» պարբերականը` հղում կատարելով Intelligence Online կայքին: Խոսքը անօդաչու ինքնաթիռների և հակաօդային պաշտպանության նորագույն սարքերի մասին է: Իսրայելցի մասնագետները Ադրբեջան կուղևորվեն, որպեսզի իրենց ադրբեջանցի գործընկերներին նոր ռազմական տեխնիկայի հետ աշխատել սովորեցնեն:
Նախորդ տարվա դեկտեմբերին Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը հայտարարել էր, որ գերատեսչությունը պատրաստվում է զարգացնել անօդաչու Aerostar և Orbiter-2M սարքերի արտադրությունը 2012 թվականին: Դրանց արտադրությամբ կզբաղվի Baku’s Azad Systems Co ընկերությունը, որը ստեղծվել էր Իսրայելի և Ադրբեջանի կառավարությունների պայմանավորվածության արդյունքում:
Երկու շաբաթ առաջ IzRus կայքը հայտնել էր, որ IAI ընկերությունը անօդաչու ինքնաթիռների օպերատորների Ակադեմիա է բացելու, որտեղ կկարողանան ուսանել ոչ միայն իսրայելական բանակի, այլև այլ երկրների, այդ թվում` Ադրբեջանի զինված ուժերի զինվորները: