Մեծ Բրիտանիան պաշտպանել է հայ-թուրքական արձանագրությունները և կարծում է, որ դրանք նախապայմաններ չէին պարունակում ու կապ չունեին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ: Այս մասին Regnum-ի հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Ջեյն Լիչը:
«Մենք նախկինի պես կարծում ենք, որ այս հիմնախնդիրների` մաս առ մաս դիտարկումը շատ ավելի արգասաբեր կլինի: Ցավոք սրտի, ներկայումս դժվար է առաջընթաց տեսնել այս գործընթացներում: Սակայն քաղաքականության մեջ երբեմն հնարավորություններ են ստեղծվում և քաղաքական գործիչները պետք է բավականաչափ խիզախ և ուժեղ լինեն, որպեսզի պահը որսան և դուրս գան հայտնի դիրքորոշումների փակուղուց: Հուսով եմ` նման պահ կրկին կստեղծվի: Միջազգային հանրությունը դրական դեր է խաղացել` փորձելով Թուրքիային, Հայաստանին և Ադրբեջանին օգնել իրենց խնդիրների լուծումը գտնել: Մենք ընդհանուր մոտեցում ունենք, և առաջնորդների, բարձրաստիճան քաղաքական գործիչների մասնակցությունը կողմերի մերձեցման գործընթացում կարևոր էր», – ասել է դեսպանը: