ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանի հայտարարությունը վիրավորել է իր ընտանիքի արժանապատվությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է սփյուռքահայ գործարար Նարեկ Հարթունյանը:
Հիշեցնենք, որ Արմեն Ալավերդյանը հայտարարել էր, թե Նարեկ Հարթունյանի գործը «սփյուռքահայերի տիպիկ գործերից է, որ նպատակ ունի հայրենիքը դիտել որպես եկամտի աղբյուր և որևէ բարեգործական նպատակներ չի հետապնդել: Նշենք, որ գործարարին հարկերից խուսափելու համար տուգանել են 111 միլիոն դրամի չափով:
Նարեկ Հարթունյանի խոսքով` իր հանդեպ սկսած քրեական հետապնդումները պետք է մտահոգեն ոչ միայն իր ընտանիքին, այլև բոլորին, ովքեր մտահոգ են Հայաստանում իրավական արդարադատությամբ:
«Կոչ եմ հղում բոլոր սփյուռքահայերին հետևողական լինեն մեր գործին: Կոչ նաև այն մարդկանց, ովքեր պաշտոն են զբաղեցնում, և անօրեն որոշումներ են կայացնում, ձեռքներդ դրեք ձեր խղճին, մտածեք` ձեր վճիռները արդար են, թե հարամ»,- հայտարարել է Հարթունյանը:
Հարթունյանի փաստաբան Հայկ Ալումյանը հայտնել է, որ Հարթունյանների դեմ հարուցված քրեական գործը «լեփ-լեցուն է խախտումներով»: Դա, ըստ փաստաբանի, վկայում է այն մասին, որ ոմանք պարզապես փորձում են հաշվեհարդար տեսնել սփյուռքահայ գործարարի հետ:
«Նախ` գործից դուրս են մնացել հենց այն երկու հոգին, ովքեր պետք է պատասխանատվություն կրեին, եթե իրոք տեղի է ունեցել հարկերից խուսափում: Խոսքը մինչև 2010թ. սեպտեմբեր Հարթունյանների ընկերության տնօրեն Արտյոմ Մարտիրոսյանի և Հարթունյանների կողմից լիազորագիր ստացած Սևակ Արզարունու մասին է, ովքեր բազում պայմանագրեր են կնքել ընկերության անունից: Ավելին` գործի ընթացքում նրանք ցուցմունքներ են տալիս Հարթունյանի դեմ», – պատմել է Ալումյանը:
Այս ամենը, ըստ Հարթունյանի, վկայում է այն մասին, որ Սևակ Արզարունին կապի մեջ է քննիչների հետ:
«Կալանք է դրվել ողջ ընկերության միջոցների վրա: Սա օրենքի կոպիտ խախտում է, օրենքն ասում է, որ պետք է որոշակիացնի հայցը: Գույքի հնարավոր առգրավում պետք է սահմանվի, և այդ չափով պետք է դրվի կալանք: Իսկ ողջ գույքի վրա արգելք դնելով` սառեցրել է ընկերություն», – ասել է Հայկ Ալումյանը:
Ասուլիսի ընթացքում «Հետաքննող լրագրողներ» կազմակերպության նախագահ Էդիկ Բաղդասարյանը, որպես գործից լավատեղյակ մարդ, կարծիք է հայտնել, որ Հարթունյանների հետ հաշվեհարդարի ամենահավանական վարկածներից մեկն այն է, որ որոշ պաշտոնյաններ ցանկանում են տիրանալ Երևանի ժամացույցների գործարանի` Հարթունյանին պատկանող բաժնետոմսերին, որ կազմում են մոտ 8-10 միլիոն դոլար: Նա նշել է, որ բազում հավանկողների մեջ շոշափվում է նաև ֆինանսների նախարարի առաջին խորհրդական Հայկ Դավթյանի անունը: