Այսօր ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը պաշտոնապես հրաժարական է տվել «Սիվիլիթաս» հիմադրամի խորհրդից: Հիշեցնենք, որ Օսկանյանը հիմնել է «Սիվիլիթասը» 4 տարի առաջ:
Երկու շաբաթ առաջ Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ որոշել է վերադառնալ քաղաքականություն և անդամակցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:
Իր այսօրվա հայտարարության մեջ նա նշել է, որ Հայաստանի օրենսդրությամբ նման դեպքում հրաժարականը հիմնադրամի խորհրդից պարտադիր չէ:
«Սակայն ես որոշեցի դա անել, որպեսզի իմ քաղաքական ներգրավվածությամբ չկաշկանդեմ հիմնադրամի գործունեությունը:
Իմ քայլը պայմանավորված է նույն մոտեցմամբ, որ միշտ ունեցել եմ թե՛ որպես կառավարության անդամ, թե՛ երբ հեռանում էի կառավարությունից: Մեզանից յուրաքանչյուրը պատասխանատվության սեփական բաժինն ունի բոլորիս երազած երկիրը կառուցելու գործում: Զարգացած որևէ ժողովրդավարական պետության մեջ դա բավարար պատճառ է քաղաքականություն մտնելու համար, և ժամանակն է, որ Հայաստանում ևս չխուսափենք նման ընկալումներից», – նշել է Վարդան Օսկանյանը: