Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հանդես է եկել Ռուսաստանի հետ վիզային ռեժիմը միակողմանի կարգով չեղյալ հայտարարելու նախաձեռնությամբ: Վրաստանի խորհրդարանում հնչեցված նախաձեռնությունը ծափահարություններով է ընդունվել:
Երկրի խորհրդարանում իր ամենամյա զեկույցը ներկայացնելիս Սահակաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը ողջունում է Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունները և բաց է ռուսաստանյան գործարարների համար, հայտնում է Բի-բի-սի-ն:
«Մենք երբեք չենք փակել Վրաստանը ռուսաստանյան ներդրողների և զբոսաշրջիկների համար, այս տարի մի քանի հարյուր հազար մարդ ենք ակնկալում: Այնտեղ, որտեղ ակտիվ է բիզնեսը, զրահամեքենաների համար տեղ չի մնում»,-հայտարարել է Սահակաշվիլին:
Ռուսաստանի քաղաքացիները պետք է իմանան, որ ցանկացած պահի կարող են գալ Վրաստան, իսկ ռուսաստանցի զբոսաշրջիկներին այստեղ ոչ ոք չի խանգարի «խմել վրացական գինի և Բորժոմի, որին նրանք այդքան կարոտում են»,- հավելել է նա:
Ռուսաստանը արգելել էր Վրաստանին գինի և հանքային ջուր արտահանել իր երկիր 2006 թվականին: Իսկ 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո Վրաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները դադարեցվել էին: Չնայած դրան, Ռուսաստանի քաղաքացիների համար Վրաստան գալն այնքան էլ բարդ չէ: Նրանք կարող են Վրաստանի վիզա ստանալ երկիր մուտք գործելիս: