Home / Հայաստան / Գուբայում Ալիևի նկարներով հազարավոր մարդիկ պահանջում են քաղաքապետի հրաժարականը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Գուբայում Ալիևի նկարներով հազարավոր մարդիկ պահանջում են քաղաքապետի հրաժարականը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանական 10 բեռնատարների շարասյունը, երեք ջրցան մեքենաներ, երեք զրահամեքենաներ ուղևորվում են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից 170 կմ հյուսիս ընկած Գուբա քաղաք` օգնելու արդեն իսկ բնակավայր բերված ռազմական ուժերին: Մարտի 1-ի առավոտից 10 հազար քաղաքացիներ հավաքվել են քաղաքային իշխանությունների գրասենյակի մոտ և պահանջում են քաղաքապետ Ռաուֆ Հաբիբովի հրաժարականը:

«Թուրան» գործակալության տվյալներով` նրանց վրդովվեցրել է քաղաքային իշխանության ղեկավարի այն արտահայտությունը, թե «Գուբացիները վաճառել են իրենց շրջանն ու իրենց»: Հավաքվածները հնչեցնում են «հրաժարական» և «երախտամոռ» կարգախոսները: Միաժամանակ, հավաքվածները ձեռքներին են պահում նախագահ Իլհամ Ալիևի նկարները:

Տեղեկություններ կան այն մասին, որ ժողովուրդը քարեր է նետում վարչակազմի շենքի վրա: Ոստիկանության տվյալներով` այս քաղաքում «ոչինչ տեղի չի ունենում»:

Ականատեսները և համացանցում հայտնված տեսանյութերը վկայում են այն մասին, որ ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառվել և բախումներ են սկսվել ոստիկանության հետ:

Գուբայից հաղորդել են, որ ցուցարարները պահանջում են իրենց հանձնել գործադիր իշխանության ղեկավարին և ազատել այսօր ձերբակալված 200 ցուցարարների: Հակառակ դեպքում, նրանք սպառնում են հրդեհել Գուբայի բոլոր պետական հաստատությունները: Ավելի վաղ կրակի մեջ հայտնված քաղաքագլխի տունը ամբողջությամբ այրվել էր: Ցուցարարները սկսել են ջարդուփշուր անել քաղաքագլխին պատկանող օբյեկտները:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը առավոտյան ժամանել է նախագահական պալատ, թեև սովորաբար նա գտնվում է Գյանջլիքի շրջանի կամ քաղաքամերձ իր նստավայրում: