Թուրքիայի արևելյան Ադիյաման գավառում բնակվող ալևիների համայնքի ներկայացուցիչներին պատկանող մի շարք տների վրա երեկ կարմիր ներկով նշաններ են հայտնվել: Այս մասին, ինչպես հայտնում է Hurriyet պարբերականը, Facebook-ի իր էջում հայտնել է Հանրապետական ժողովրդական կուսակցության պատգամավոր Հուսեյն Այգյունը:
Ադիյամանի ղեկավար Ռամազան Սոդանը նույնպես հաստատել է այս տեղեկությունները և հավելել, որ որոշ ալևիների տներ նշվել են նաև թվերով և տառերով: Սոդանի խոսքով` ոստիկանությունը փնտրում է այս արարքի պատասխանատուներին:
«Այս շրջանը ալևիների կենտրոնն է, և նման միջադեպեր այստեղ երբևէ տեղի չեն ունեցել: Անվտանգության ուժերը հանգամանորեն հետաքննում են դեպքը», – ասել է Սոդանը:
Ադիյամանի բնակիչները նկատել են ալևիների տների վրա թողած նշանները և հաղորդել այդ մասին ոստիկանությանը: Ի դեպ նշանները հայտնվել են բացառապես Ալևիների տներին, և ոչ սունի թուրքերի:
Պարբերականը հիշեցնում է, որ Ալևիների տների վրա նշաններ թողնելու միևնույն մեթոդը նախորդել է 1978 թվականի Մարաշի ջարդերին, որը 105 մարդու կյանք էր խլել:
Նշենք, որ ալևիներն իսլամական կրոնական խմբավորում է, որը 9-րդ դարում հիմնել է Աբու Շաուիբ Մուհամադ իբն Նուսայրը: Որոշ մասնագետների կարծիքով` այն մոտ է շիաների ծայրահեղ թևին, ոմանք էլ ալեվիզմը առանջին կրոն են համարում: