Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հաստատել է, որ մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին մեծամասնական ընտրական համակարգով: Նա, սակայն, ասել է, որ դեռ հայտնի չէ, թե որ ընտրատարածքում է առաջադրվելու: Լրագրողներից մեկը հիշեցրել է, որ Հայրապետյանը ամիսներ առաջ հայտարարել էր, որ իր տեղը խորհրդանարում չէ, և հետարքրքվել է` ինչու է նա փոխել որոշումը:
«Ես չեմ որոշումը կայացրել, կուսակցությունն է որոշել, որ մեծամասնականով մասնակցեմ ընտրություններին: Այո, ես չէի ուզի ընտրվել, սակայն ես անկախ մարդ չեմ, ես հստակ կատարում եմ իմ կուսակցության որոշումը: Ես իմ կուսակցությանն եմ պետք, կուսակցությունն էլ` ինձ», – ասել է Հայրապետյանը:
Անդրադառնալով այն փաստին, որ ինքը խորհրդարանի նիստերից շատ է բացակայել, Հայրապետյանը նկատել է, որ ինքը դրսից էլ լավ է իրականացնելու օրենսդրական գործունեությունը:
Լրագրողներից մեկն էլ, հիշեցնելով, որ Հայրապետյանի գործընկեր, գործարար Սամվել Ալեքսանյանը հայտարել է, որ իր կինն է զբաղվելու իր բիզնեսով, հարցրել է` արդյոք Հայրապետյանը շարունակելու է համատեղել իր բիզնեսը օրենսդրական գործունեության հետ: Ռուբեն Հայրապետյանն ասել է, որ իր բիզնեսով վաղուց զբաղվում է որդին: