Home / Հայաստան / Երիտասարդներն Աշոտյանի հետ բրիտանացիներից կպահանջեն Անահիտի արձանը. ակցիա

Երիտասարդներն Աշոտյանի հետ բրիտանացիներից կպահանջեն Անահիտի արձանը. ակցիա

Մարտի 7-ին՝ ժամը 13.00, Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատան մոտ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կազմակերպում է Անահիտ աստվածուհու արձանի մասունքները Բրիտանական թանգարանից Հայաստան տեղափոխելու պահանջով նվիրված ակցիա, հաղորդում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը Մեծ Բրիտանիայի դեսպաններին կփոխանցի Անահիտ դիցուհու արձանի մասունքները հայրենիք վերադարձնելու ուղերձի տեքստը և հիմնադրամի նախաձեռնությանը միացած երիտասարդների մոտ 20 հազար ստորագրությունները։

«Մենք՝ ներքոստորագրյալներս, հանդես ենք գալիս հայկական մշակութային և պատմական արժեքները հայրենիք վերադարձնելու նախաձեռնությամբ։ Աշխարհի թանգարաններում այսօր պահպանվում և ցուցադրվում են բազմաթիվ ստեղծագործություններ, որոնք հայկական մշակույթի նմուշներ են։ Մշակութային այդ արժեքների թվում են Բրիտանական թանգարանում պահպանվող Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխը և ձեռքերը։ Մենք կոչ ենք անում Հայաստանին վերադարձնել մշակութային այդ մասունքները, քանի որ արվեստի և պատմական արժեքները պետք է պահպանվեն ու ցուցադրվեն այն երկրում, որտեղ ստեղծվել են և որի պատմության կրողներն են», – ասված է ուղերձում։

Ուղերձի տեքստը և ստորագրությունների պատճենները կուղարկվեն նաև Բրիտանական թանգարան։ Երիտասարդների նախաձեռնությանը կմիանա նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։