Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը զբաղվում է 2011 թվականի փետրվարի 12-ին ԼՂՀ-ի Խոջալուի զորամասերից մեկում հրազենային վնասվածքից զոհված 22-ամյա զինծառայող, գյումրեցի Թորգոմ Սարուխանյանի մոր՝ Լենա Սարուխանյանի հարցմամբ: Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին նամակ է գրել ՄԻՊ Կարեն Անդրեասյանին` հարցնելով, թե ինչու են Հայաստանի քաղաքացիները ծառայում Լեռնային Ղարաբաղում:
«Առաջին հարցումը մենք տիկին Սարուխանյանից ընդունել ենք և անմիջապես հարցում ենք արել Պաշտպանության նախարարություն, սակայն ՊՆ տված պատասխանը մեզ չի գոհացրել: Ուստի մենք նամակ ենք գրել վարչապետին, որպեսզի ի վերջո ստանանք գոհացուցիչ պատասխան, որ կարելի կլիներ փոխանցել տիկին Սարուխանյանին», – Epress.am-ի հետ զրույցում պարզաբանել է Արամ Վարդևանյանը` չցանկանալով սակայն բացահայտել, թե որն է ՊՆ պատասխանի բովանդակությունը:
Վարդևանյանը նշել է, որ իրենք դեռ սպասում են կառավարության ղեկավարի միջամտությանն այս գործի ընթացքին:
Նա նաև նշել է, որ իրեն զարմացրել է Լենա Սարուխանյանի այն պնդումը, թե իր հետ ՄԻՊ գրասենյակում կոպիտ են խոսել:
Նշենք, որ Սարուխանյանը մարտի սկզբին զանգահարել էր օմբուդսմենի գրասենյակ` ցանկանալով տեղեկանալ, թե ինչ ընթացք է ստացել իր հարցումը: Սարուխանյանի պնդմամբ, Արամ Վարդևանյանը շատ կոպիտ է խոսել իր հետ, ինչը վերջինիս խոսքով` իրականաությանը չի համապատասխանում: