Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ փետրվարի 26-ին Ստամբուլում անցկացված «Խոջալուի ջարդերի հիշատակի» ցույցի ժամանակ հակահայկական կարգախոսները արտահայտում են ընդամենը մի քանի «զառանցող ռասիստների» զգացումները և ոչ ողջ թուրք ժողովրդի:
Հիշեցնենք, որ Ստամբուլում տեղի ունեցած հավաքի ընթացքում հետևյալ կարգախոսներ էին հնչել. «Դուք բոլորդ հայ եք, դուք բոլորդ տականքներ եք», «Այսօր Թաքսիմը (Ստամբուլի հրապարակ, որտեղ կայացել է հանրահավքը – խմբ.), իսկ վաղը Երևանը կնվաճենք»:
«Այս պաստառները չեն արտահայտում Թուրքիայի զգացումները, դրանք ընդամենը մի քանի զառանցող ռասիստների մոտեցումն է: Անհրաժեշտ օրինական միջոցառումներ այդ կապակցությամբ արդեն իսկ ձեռնարկվել են», – հայտարարել է Էրդողանը:
Նշենք, որ ավելի վաղ Human Rights Association (IHD) իրավապաշտպան կազմակերպության Ստամբուլի ներկայացուցչությունը հայց էր ներկայացրել դատարան ընդդեմ Թուրքիայի Ներքին Գործերի նախարար Իդրիշ Նայիմ Շահինի` մեղադրելով նրան ցույցի ժամանակ հակահայկական կարգախոսներին աջակցելու մեջ:
Չորեքշաբթի Ներքին գործերի նախարարության կողմից տարածած հայտարարության մեջ ասվում է, որ «պարզապես անհնար է արդարացնել հանրահավաքի ընթացքում հնչեցված վիրավորական կարգախոսներն ու պաստառները»: Ըստ հաղորդագրության` Թուրքիայի ՆԳՆ-ն արդեն իսկ անհրաժեշտ միջոցառումներ է ձեռնարկել այդ մարդկանց փնտրելու ուղղությամբ: