Home / Հայաստան / Ինչու Հայաստանը հրաժարվեց «Եվրատեսիլից». պարզաբանում

Ինչու Հայաստանը հրաժարվեց «Եվրատեսիլից». պարզաբանում

Հանրային հեռուստաընկերությունն ափսոսանքով հայտնում է, որ չի կարող պատվիրակություն ուղարկել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու` 2012 թվականի մայիսին կայանալիք «Եվրատեսիլին» մասնակցելու համար, ասված է հեռուստաընկերության այսօր տարածած հաղորդագրության մեջ:

«Թեև Ադրբեջանի իշխանություններն անվտանգության երաշխիքներ խոստացան մասնակից բոլոր երկրներին, բայց օրեր առաջ Ադրբեջանի նախագահն այդ երկրներից մեկի համար «բացառություն արեց»` հայտարարելով, թե Ադրբեջանի թիվ մեկ թշնամին աշխարհասփյուռ հայությունն է: Փաստացի կարող ենք արձանագրել, որ «Եվրատեսիլը» հյուրընկալող երկրի նախագահը պաշտոնապես հայտարարում է, որ բոլոր հայերը, այդ թվում նաև նրանք, ովքեր ընդգրկված պետք է լինեին «Եվրատեսիլի» պատվիրակության մեջ, Ադրբեջանի թշնամիներն են: Հետևաբար, որևէ տրամաբանություն չկա մասնակից ուղարկել մի երկիր, որտեղ նրան դիմավորելու են որպես թշնամու: Սա մեզ համար սկզբունքային խնդիր է», – նշված է Հանրայինի հայտարարության մեջ:

Հայտարարության հեղինակները համոզմունք են հայտնում, որ այն մթնոլորտը, որը ձևավորվել է նմանատիպ և այլ հակահայկական հայտարարությունների և գործողություններին ֆոնին, չի կարող հավասար պայմաններ ապահովել «Եվրատեսիլին» մասնակցող բոլոր երգիչների համար, ինչը, հեռուստաընկերության պատկերացմամբ, մրցույթի հիմնական բաղադրիչներից մեկն է:

«Մենք հետագայում էլ շարունակելու ենք մասնակցել «Եվրատեսիլին» և ներկայացնելու Հայաստանը համաեվրոպական երգի այդ մրցույթին», – եզրափակում է հայտարարությունը: