Home / Հայաստան / Հայաստանը չի մեկնում Բաքու «Եվրատեսիլին» մասնակցելու համար. պաշտոնական

Հայաստանը չի մեկնում Բաքու «Եվրատեսիլին» մասնակցելու համար. պաշտոնական

Այսօր Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպիչ Եվրոպական հեռարձակողների միությանը (EBU), որ չի մասնակցելու 2012 թվականի մրցույթին, որը կայանալու է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Այս տեղեկությունը հրապարակել է «Եվրատեսիլ» երգի մրցույթի պաշտոնական կայքը: Հանրային հեռուստաընկերությունում Epress.am-ի հետ զրույցում հաստատեցին պաշտոնական նամակ ուղարկելու փաստը, և հայտնեցին, որ պաշտոնական հայտարարությունն այդ կապակցությամբ կարվի առաջիկա ժամերին:

«Մենք հիասթափված ենք այդ որոշման կապակցությամբ, – հայտարարել է այս տարվա երգի մրցույթի համակարգող Յոն Ուլա Սանդը: – Չնայած EBU-ի և մրցույթն ընդունող հեռուստաընկերության ջանքերին ապահովել հայկական պատվիրակության հարթ մասնակցությունը, եղան հանգամանքներ, որոնք մեր հսկողությունից դուրս էին, ինչն էլ բերեց այդ որոշմանը»:

Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին բանակում զոհված զինծառայող Ալբերտ Ադիբեկյանի սպանությունից հետո մի խումբ երգիչներ հայտարարություն էին տարածել, որում կոչ էին արել բոյկոտել Բաքվում անցկացվելիք երգի մրցույթը: Համաձայն նախնական վարկածի, զինծառայողը սպանվել էր ադրբեջանցի դիպուկահարի կողմից: Երգիչների խոսքով` դա բոյկոտելու պատճառներից մեկն էր. նրանք հրաժարվում էին մասնակցել երգի մրցույթի մի երկրում, որի դիպուկահարը հայ զինվորի է սպանել և որտեղ կան հայ գերիներ: Հետագայում քննությունը պարզեց, որ Ալբերտ Ադիբեկյանը սպանվել ծառայակցի կողմից: