Home / Հայաստան / «Փոխենք, որ հավատանք»-ը` որպես «հավատանք, որ փոխենք»-ի այլընտրանք. Սերժ Սարգսյանի ելույթի մասին

«Փոխենք, որ հավատանք»-ը` որպես «հավատանք, որ փոխենք»-ի այլընտրանք. Սերժ Սարգսյանի ելույթի մասին

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) բնորոշմամբ` նախագահ Սերժ Սարգսյանի «Հավատանք, որ փոխենք» նախընտրական կարգախոսը ուղղակի զավեշտալի է, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը:

Շաբաթ օրը Հանրապատականի համագումարում ունեցած իր ծավալուն ելույթում Սերժ Սարգսյանը բազմիցս կրկնել է «Հավատանք, որ փոխենք» կարգախոսը, որով և նախագահի ղեկավարած քաղաքական ուժը պատրաստվում է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

«Սա բացարձակապես դատարկ ելույթ է, իսկ ամենազավեշտալին, իհարկե, նրանց կարգախոսն է: Սա առաջին դեպքն է մարդկության պատմության մեջ, երբ չորս տարի իշխող իշխանությունները փոփոխության կարգախոս են ընտրում, ասում են` «հավատանք, որ փոխենք»: Հավատից առնվազն այդ մարդիկ խոսելու իրավունք չունենք: Եթե մի բան հիմնովին կործանել են հենց այս մարդիկ, դա հավատն է: Չորս տարի կառավարել են երկիրը, չորս տարվա մեջ եթե ինչ-որ բան ընդհանրապես երբևէ ի վիճակի են եղել փոխելու, պետք է փոխեին: Սա ծայրահեղ ցինիզմի բացառիկ դրսևորում է», – ասել է Զուրաբյանը:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի այն դիտարկմանը, թե որևէ մեկն իրավունք չունի ասելու, թե «երկիրը երկիր չէ», ապա ՀԱԿ-ի համակարգողի փոխանցմամբ` իշխանություններն ուղղակի իրավունք չունեն բարոյականության դասեր տալ:

«Նրանք են կեղծել ընտրությունները, նրանք են կառուցել այս կաշառակերության ավազակապետական բուրգը, նրանք են կործանել մարդկանց մեջ հավատը բարոյականության նկատմամբ, նրանք են, որ գողությունը պետական բյուջեից դարձրել են կարգ ու կանոն, այնպես որ ուղղակի զարմանալի է, որ դրանից հետո փորձում են մեզ բարոյականության դասեր տալ», – ասել է նա:

Զուրաբյանի փոխանցմամբ` այս ամենից հետո իրենց մնում է Սերժ Սարգսյանի` «Հավատանք, որ փոխենք» կարգախոսին հակադրել հետևյալ կարգախոսը` «Փոխենք այս իշխանություններին, որ հավատանք փոփոխություններին»: Զուրաբյանը, սակայն, ասաց` իրենք դեռ պաշտոնական կարգախոս չունեն, երբ ունենան, կտեղեկացնեն այդ մասին:

Հարցին, թե Կոնգրեսին կհաջողվի՞ փոխել իշխանություններին, Զուրաբյանը պատասխանեց. – «Կարող է ոչ այն ժամկետներում, որ ժողովուրդը անհամբեր մեզանից սպասում է, բայց որ դա լինելու է, ես կասկած անգամ չունեմ»: