Այս տարի Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012» միջազգային երգի մրցույթին ընդառաջ Ադրբեջանի «Ազատ երիտասարդություն» կազմակերպությունը հայտարարություն է տարածել` ցանկանալով տեղեկացնել երկիր ժամանող զբոսաշրջիկներին «բռնապետական ռեժիմներին հատուկ մի շարք ավանդույթների մասին», հայտնում է Kultura.az կայքը:
«Հարգելի զբոսաշրջիկներ: Տեղեկացնում ենք ձեզ, որ Ադրբեջանը այն երկիրն է, որտեղ խախտվում են քաղաքացու հնարավոր բոլոր իրավունքները, այդ թվում` ճնշվում է խոսքի, կարծիքի ազատ արտահայտումը, հավաքների ազատությունը, անգամ տեղաշարժվելու ազատությունը: Ադրբեջանում իշխում է բռնապետական վերահսկողություն մտքին եկած ամեն ինչում:
Մասնավորապես, ամբողջովին վերահսկվում են հյուրանոցները և հասարակական սննդի կետերը: Ներկայումս առանց բացառության բոլոր հայտնի և անհայտ հյուրանոցներում թաքնված տեսախցիկներ են տեղադրված: Այդ տեսախցիկների միջոցով իրականացվող տեսաձայնագրությունները հետագայում կարող են օգտագործվել զբոսաշրջիկների դեմ` շանտաժի նպատակով, ինչը տարիներ շարունակ տեղի է ունենում մեր երկրում:
Անգամ հայտնի միջազգային բրենդերի ցանցի մեջ մտնող հյուրանոցներն են իշխանությունների ճնշման տակ: Հայտնի հյուրանոցները հրաժարվում են տրամադրել իրենց կոնֆերանս-դահլիճները հասարակական քաղաքական կազմակերպություններին: Ընդդիմադիր ուժերի, հասարակական կազմակերպությունների, մտավորականության համաժողովների ընթացքում այդ հյուրանոցներում պարզապես անջատում են էլեկտրականությունը:
Հաշվի առնելով Ադրբեջանում առկա ծանր իրավիճակը` կոչ ենք անում Բաքու ժամանել պատրաստվող զբոսաշրջիկներին զգույշ լինել: Դա, մասնավորապես, վերաբերում է զույգերին: Ոչ մի դեպքում սեքսով չզբաղվեք Ադրբեջանում: Իրենցից վտանգ են ներկայացնում ոչ միայն հյուրանոցները, այլև ցանկացած այլ հաստատություն, լինեն դրանք հյուրատներ, մոթելներ, թե վարձու բնակարաններ», ասված է «Ազատ երիտասարդներ» կազմակերպության կողմից տարածված հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ այս տարի Բաքվում կայանալիք Եվրատեսիլին Հայաստանը չի մասնակցի: Օրերս Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը հայտարարեց, որ որևէ տրամաբանություն չկա մասնակից ուղարկել մի երկիր, որտեղ նրան դիմավորելու են որպես թշնամու: