Home / Հայաստան / Բանակային քահանաների առաջնային թիրախը «կրոնական աղանդների ներկայացուցիչներն» են

Բանակային քահանաների առաջնային թիրախը «կրոնական աղանդների ներկայացուցիչներն» են

Հոգևոր ծառայությունը մեր երկրի Զինված ուժերում սկսվել է Արցախյան գոյամարտի ժամանակից, երբ բանակը կարիք ուներ հոգևոր ասպարեզի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ Զինված ուժերի հոգևոր սպասավոր տեր Կորյուն քահանա Կարապետյանը:

Բանախոսը տեղեկացրել է, որ պաշտոնապես հոգևոր սպասարկումը բանակում սկսվել է համակարգվել 1997 թվականի նոյեմբեր ամսից Գարեգին Ա կաթողիկոսի և այն ժամանակ ՀՀ Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ:

Քահանայի խոսքով` ոչ բոլոր զորամասերն ունեն հոգևոր սպասավորներ. նրանց բաշխումը տեղի է ունենում նախ սահմանամերձ զորամասերին առաջնահերթությունը տալու սկզբունքով:

Պատասխանելով Epress.am-ի այն հարցին, թե ինչպես է հոգևոր ծառայությունն իրականացվում այն զինծառայողների համար, ովքեր ներկայացնում են ազգային կամ կրոնական փոքրամասնություններն ու Հայ Առաքելական եկեղեցուն չեն հարում` քահանան նշել է, որ Հայ առաքելական եկեղեցու համար ընդունելի կրոնական ուղղությունների ներկայացուցիչներն ազատ են իրենք որոշել` մասնակցել հոգևոր ժողովներին կամ ոչ:

Բանախոսը վստահեցրել է, որ եթե զորամասում լինում է այլ կրոնական ուղղության հետևորդ, հոգևոր սպասարկողը հարգում է նրանց ներկայությունը և քարոզը տանում համամարդկային արժեքների թեմայով, ոչ թե քրիտոնեական այնպիսի արժեքների մասին, որոնց շուրջ հնարավոր են տարակարծություն առաջանալ:

«Կան ռուսներ, ուկրաինացիներ, եզդիներ, իրենք ազատ են մասնակցել մեր ժողովներին: Խոսակցությունը հոգևոր սպասավորը այնպես է տանում, որ վիճաբանություններ չսկսվեն: Ինչ վերաբերվում է անընդունելի կրոնական աղանդների ներկայացուցիչներին, նրանք են մեր առաջին թիրախը: Նրանց դարձի բերելը առաջնային է: Նրանց նստացնում ենք առաջին շարքերում», – ասել է քահանան:

Լուսանկարը` armenianchurch.org