«Արմավիա» ավիաընկերության և «Զվարթնոց»օդանավակայանի սեփականատեր «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունների միջև ծագած վեճն այսօր հանգուցալուծվել է՝ ընկերությունները եկել են փոխշահավետ համաձայնության: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը:
«Երկու ընկերություների միջև այսօր տեղի ունեցած բանակցությունների արդյունքում որոշվել է մշակել պարտքի մարման այնպիսի քաղաքականություն, որպեսզի տվյալ ժամանակացույցում «Արմավիան» կարողանա և պարտքերը մարել, և միաժամանակ աշխատել: Պայմանները երկու կողմերի համար էլ փոխշահավետ են», – հայտնել է Չերչինյանը:
Միևնույն ժամանակ «Արմավիայի» տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ, չնայած ընկերությունը զիջումների է գնացել, և կողմերը որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերել, օդանավակայանը կրկին փոխել է որոշումները: Ավիաընկերությունը համարում է, որ խնդիրը լուծված չէ, և ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվել:
«Զվարթնոց»օդանավակայանից չեն կարողացել մեկնաբանել ավիաընկերության հաղորդագրությունը` նշելով, որ հանդիպման ավարտին համաձայնությունը եղել է, և այս պահին «Արմավիայի» դժգոհության պատճառների մասին իրենք տեղյակ չեն:
Հիշեցնենք, որ «Արմավիան» մարտի 6-ին անժամկետ գործադուլ էր հայտարարել` որպես պատճառ նշելով «Զվարթնոց» օդանավակայանի սահմանած բարձր սակագները: «Արմավիայի»սեփականատեր Միխայիլ Բաղդասարովն ավելի վաղ լրագրողներին հայտնել էր, որ կհայտարարի «Արմավիայի» սնանկության մասին, եթե օդանավակայանը չիջեցնի գները 25 տոկոսով: Հաջորդ օրը գործադուլը դադարեցվել մինչ ընկերությունների բանակցությունների ավարտը:
Լուսանկարը` wikipedia.org