Ամբաստանյալ Արտակ Կարապետյանը մարտի 6-ից «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում կարել է բերանը, հացադուլ հայտարարել: Արտակի փաստաբան Թամարա Յայլոյանը Epress.am-ին փոխանցել է Արտակի հոր խոսքերը, որ ամբաստանյալը երեկ թեև քանդել է բերանի կարերը, սակայն հացադուլը չի դադարեցրել: Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանի խոսքով` Արտակը գտնվում է առանձնախցում` բժիշկների հսկողության տակ:
Արտակ Կարապետյանի հացադուլ հայտարարելու պատճառն այն է, որ նա դժգոհ է իր գործով ընթացող դատաքննությունից, որը, ըստ նրա, նման կերպ շարունակվելու դեպքում չի բացահայտի գործը:
Հիշեցնենք, որ ամբաստանյալը մեղադրվում է դիտավորյալ սպանություն իրականացնելու համար, մինչդեռ փաստաբանը պնդում է, որ Արտակի արածը խուլիգանություն է: Ըստ առաջադրված մեղադրանքի` Արտակն իր հորը օգնություն ցույց տալու կանչված շտապօգնության 65-ամյա բժիշկ Աշոտ Գրիգորյանին հայհոյել է, հարվածներ հասցրել բժշկին, ինչի հետևանքով բժիշկը մահացել է: Վերջին դատական նիստի ժամանակ փաստաբանը միջնորդել է արտաշիրիմում անել, ինչը դատարանը մերժել է: Համաձայն պաշտպան կողմի, արտաշիրիմումից հետո կարող է պարզվել, որ բժիշկը Կարապետյանի հասրած հարվածների հետևանքով չի մահացել:
Փաստաբանը գործի առնչությամբ նախաքննության մարմնին նաև ներկայացրել է միջնորդություն` պարզելու բժիշկ Աշոտ Գրիգորյանի` նարկոլոգիական դիսպանսերում բուժված լինելու հանգամանքը: Նախաքննության մարմնի հարցմանը նարկոլոգիական դիսպանսերը պատասխանել է, թե Աշոտ Գրիգորյանը տարված է եղել ալկոհոլիզմով և ստացել է համապատասխան բուժում: Այս կետը, սակայն, չի փոխանցվել բժշկական փորձաքննական մարմնին, ինչը ևս առաջացրել է պաշտպան կողմի դժգոհությունը:
Այսօր ժամը 13.00-ին տեղի է ունեցել գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում փաստաբանը ներկայացրել է միջնորդություն, որպեսզի դատաբժշկական փորձաքննությունը պարզի` ինչ դեղամիջոց է բուժքույրը ներարկել բժշկին նրան վերակենդանացնելու համար, և արդյոք դա կարող էր հարուցել նրա մահը: