Այսօր շուրջ մեկ ամիս Մաշտոցի պուրակի համար պայքարող բնապահպանները այգում վրան են տեղադրել` ի նշան շուրջօրյա նստացույցի մեկնարկի: Ոստիկանությունը, սակայն, փորձել է հանել վրանները, որի արդյունքում քաշքշուկ է սկսվել բնապահպանների և իրավապահների միջև:
Երևանի փոխոստիկանապետ Կարեն Մովսիսյանը հորդորել է հանել վրանը, հայտարարելով, որ դրա տեղադրումը ապօրինի է և չի համապատասխանում հավաքների ազատության մասին օրենքին: Այդուհանդերձ, բնապահպանները հրաժարվել են կատարել իրավապահ մարմինների ներկայացուցչի պահանջը: Ակտիվիստների իրավաբան Արթուր Գրիգորյանը հայտարարել է, որ «այն ամենն ինչն արգելված չէ, պաշտպանվում է հավաքների մասին օրենքով»:
Փոխոստիկանապետը հորդորել է գոնե ժամանակավորապես հանել վրանը, մինչ ինքը Երևանի քաղաքապետարանից թույլտվություն կբերի վրանի տեղադրման համար, սակայն բնապահպաններն այդ պահանջի հետ էլ չեն համաձայնել:
Կարեն Մովսիսյանը խնդրել է բնապահպաններին եթե ոչ հանուն օրենքի, ապա գոնե «իր խաթր» հանել վրանը: Նրանց միջև բանակցությունները դեռևս շարունակվում են:
Ակտիվիստ Եղիա Ներսիսյանի խոսքով` առաջին վրանը պարզապես սիմվոլիկ նշանակություն ունի, և դա հանելու միտք ընդհանրապես չունեն:
Այս պահին բնապահպանները շրջափակել են վրանը` պաշտպանելով այն ոստիկաններից: Իրավապահներն, իրենց հերթին, շրջափակել են բնապահպաններին: